Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են...

2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1 տոկոսով:

Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի, և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին:

Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում:

Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները՝ քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ 2018 թվականի հեղափոխությունը:

Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները՝ քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից:

Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունը ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար և այսպես շարունակ:

Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռքբերելու տարբերակը և, ըստ էության, գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եվ այն, որ մեր երկրում հիպոթեկային վարկերն աննախադեպ աճ են ունեցել, սրա ամենացցուն վկայությունն է:

2019 հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիպոթեկային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով»,- գրել է նա: