Հայաստանի վերամշակող արդյունաբերության 6 ոլոր...

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկը պատրաստել է վերլուծական ակնարկ ԵԱՏՄ երկրներում 2021 թվականի առաջին կիսամյակում արդյունաբերության զարգացման վերաբերյալ:

Փաստաթղթի համաձայն՝ ամբողջ ԵԱՏՄ-ում, առաջին անգամ 2020 թվականի սկզբից ի վեր, արդյունաբերական արտադրությունը անկումից հետո 2021 թվականի առաջին կիսամյակում  անցել է ծավալների ավելացման՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.4%-ով:

«2021 թվականի առաջին կիսամյակում Միության արդյունաբերական օբյեկտների աշխատանքի արդյունքները ԵԱՏՄ երկրների կառավարությունների և Հանձնաժողովի  համակարգված աշխատանքի արդյունք են՝ նվազագույնի հասցնելով COVID-19-ի համաճարակի բացասական ազդեցությունը մեր արդյունաբերական համալիրի զարգացման վրա»,- ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:

Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2.1%-ով:

Միության վերամշակող արդյունաբերությունը 2021 թվականի առաջին կիսամյակում, ինչպես նաև առաջին եռամսյակի վերջին, զգալիորեն ավելի դրական արդյունքներ է ցույց տվել և նախորդ տարվա համեմատ բնութագրվել է արտադրության ծավալների աճով (6,5% աճ):

Իր հերթին, Ղրղզըստանի և Հայաստանի վերամշակող արդյունաբերությունում նկատվում է արտադրության ծավալների նվազում` համապատասխանաբար 16.2% և 1.1%-ով, այսինքն՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան ամբողջ արդյունաբերության ծավալում:

ԵՏՀ-ից ասում են, որ այս բացասական դինամիկան հնարավոր չէ բացատրել միայն համաճարակի ազդեցությամբ, այլ այն ավելի շուտ խոսում է արդյունաբերության անբավարար դիվերսիֆիկացիայի մասին, որը կենտրոնացած է Հայաստանի դեպքում՝ հիմնական արդյունաբերության՝ սննդարդյունաբերական արտադրանքի արտադրության վրա, Ղրղզըստանի դեպքում՝ կենտրոնացած է ոսկու առաջնային մշակման վրա:

2021 թվականի առաջին կիսամյակում անդամ երկրների համատեքստում, ինչպես նաև ողջ Միությունում, նկատվում է արտադրության ծավալների աճ, և միայն որոշ արդյունաբերություններ են շարունակում բացասական դինամիկա ցուցադրել:

Ընդորում, Հայաստանում դրական դինամիկայով բնութագրվում էր ընդամենը 12 ճյուղ, մինչդեռ Հայաստանի վերամշակող արդյունաբերությունում ներկայացված մնացած 6 ճյուղերում նկատվում էր արտադրության ծավալների նվազում:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում չկա երեք վերամշակող արդյունաբերություն (կոկսի և նավթամթերքի արտադրություն, ավտոմեքենաների, ինչպես նաև այլ տրանսպորտային միջոցների և սարքավորումների արտադրություն):

2021 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրանքի ինդեքսի ավելացման/նվազման տեմպերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղման մեջ: