Հայաստանի տնտեսությունը անկում է արձանագրելու...

Ինչպես հայտնի է, դեռ այս տարվա ապրիլին ԱԶԲ կողմից հրապարակվեց զեկույց, որտեղ նաեւ ներկայացված էր, որ Հայաստանի տնտեսական զարգացումը դանդաղելու է 2,2 տոկոսով։ Նախօրեին էլ Եվրասիական Տնտեսական հանձնաժողովն է հրապարակել զեկույց, որտեղ նշվում է, որ ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի անկումը կարող է լինել այս տարվա համար 3,2-7,2 տոկոս, կապված այն հանգամանքի հետ, թե ինչ սցենարով կշարունակի ընթանալ կորոնավիրուսային համավարակը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դիտարկել է երկու սցենար՝ «ռեցեսիայի» եւ «դեպրեսիայի»։

Երկուսն էլ բնութագրվում են մի շարք առանձնահատկություններով եւ հիմնական տարբերակիչ չափորոշիչները այս դեպքում պանդեմիայի ինտենսիվությունն է եւ սահմանափակող միջոցառումների տեւականությունը։ Այսպես, «ռեցեսիայի» դեպքում պանդեմիան կսահմանափակվի այս տարվա երրորդ եռամսյակով, իսկ սահմանափակող միջոցառումները կտան դրական արդյունք եւ կչեղարկվեն այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակներին։ «Դեպրեսիայի» ժամանակ պանդեմիայի զարգացումը ավելի տեւական կլինի, կբնորոշվի կրկնակի բռնկումով արդեն հաջորդ տարի։

Սահմանափակումները կպահպանվեն մինչեւ այս տարվա վերջ, իսկ հետո կդառնան ավելի խիստ։ «Ռեցեսիայի» դեպքում, ԵԱՏՄ ՀՆԱ-ն անկում կգրանցի 3,2 տոկոս, իսկ ահա «դեպրեսիայի» ժամանակ՝ 7,2 տոկոս։

Ինքնին հասկանալի է, որ ինչ սցենարով էլ զարգանա, Հայաստանի տնտեսությունը անկում արձանագրելու է պանդեմիայի բերած տնտեսական ճգնաժամի հետեւանքով, ինչն իր հերթին ուղիղ իմաստով հարվածելու է քաղաքացիների գրպանին, ավելի լղարիկացնելով նրանց առանց այն էլ լղարիկ դրամապանակները։ Սակայն սխալ կլիներ Հայաստանի տնտեսական անկումը կապել միայն կորոնավիրուսային պանդեմիայի եւ վերջինիս բերած տնտեսական ճգնաժամի հետ, որը շատ մասնագետներ համեմատում են ամերիկյան Մեծ Դեպրեսիայի հետ։ Շատ ավելի էական է այստեղ Հայաստանի գործող իշխանությունների անգրագետ եւ ոչ-կոմպետենտ կառավարումը տնտեսական ոլորտում, կամ ավելի ճիշտ կլինի ասել տնտեսության առումով գործող կաբինետի ձախողումը։

Հիշեցնենք, որ մինչեւ իշխանափոխությունը, 2017 թվականին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը տարին փակել էր 7,5 տոկոս տնտեսական աճով։ 2018-ի առաջին կիսամյակում /հունվարից ապրիլ Կարեն Կարապետյանն էր վարչապետ, հետո արդեն սկսվեց իշխանափոխության գործընթացը եւ մայիսին եւ հունիսին իշխանության ղեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքում էր/ տնտեսական աճը կազմել էր 8,9 տոկոս։ 2018 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5,8 տոկոս, 2019-ին՝ 7,6 տոկոս։

Հասկանալի է, որ նման պաշտոնական տվյալներ ունենալով տնտեսության հետ կապված, տնտեսական հեղափոխություն, ներդրումային «բում», քաղաքացիների բարեկեցության շոշափելի բարելավում խոստացող թիմը իշխանության ղեկին հայտնվելուց հետո հազիվհազ կարողացել է պահպանել իր կողմից այնքան «չսիրված» եւ «մերժված» նախկին իշխանությունների տնտեսական առաջընթացի տեմպը, իսկ 2018-ին էլ 17-ի համեմատ տարին փակել է ակնհայտ ռեցեսիայով 7,5 տոկոս Կարեն Կարապետյանի տված արդյունքի դիմաց ունենալով ընդամենը 5,8 տոկոս տնտեսական աճ, ըստ պաշտոնական վիճակագրության, որը ամեն մի պատեհ առիթով «քարուքանդ» է անում ՀՀ նախկին վարչապետներից ականավոր տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր վերլուծականներով, որոնք հրապարակում է իր սոցկայքային էջում։

Այս ամենն էլ իր հերթին նշանակում է, որ տնտեսական հեղափոխությունը արդեն հիմնավոր կերպով գրվել է սառույցին կամ էլ մնացել պողոսների քաղցր հիշողությունների մեջ։