
Վեց ամսվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարան է այեցելել 55 հազար 837 մարդ՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։
«Անկախության շրջանի թերևս ամենաայցելված ցուցադրությունը կարող ենք համարել։ Ամենակարևորը՝ այն կազմակերպվել է ոչ տուրիստական սեզոնին՝ սեզնոին՝ աշնան, ձմռան ամիսներին, երբ թանգարանները սովորաբար ավելի քիչ այցելու են ունենում։ Այս այցելությամբ թանգարանն ավելի կենդանի դարձավ»,- ասուլիսում ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Նա նշեց, որ ոգևորիչ էր դպրոցականների այցելությունը։ Ցուցադրության շրջանակում կազմակերպվել են կրթական ծրագրեր, դասախոսություններ, հրատարակվել է ցուցահանդեսի անգելերեն պատկերագիրքը, ընթացքում է հայերեն պատկերագրքի պատրաստումը։
«Այս ցուցահանդեսը Բրիտանական թանգարանի, ընդհանրապես միջազգային ցուցահանդեսների կազմակերպման բարձր չափանիշների հիմքով է կազմակերպվել, առաջին անգամ Հայաստանն այս բարձր մակարդակով փոխառություն ունեցավ։ Սա կդառնա շարունակական։
Հնարավորություն էր Հայաստանի պատմության հարուստ հավածքներոները համադրել այլ հեղինակավոր թանգարանների, այլ մշակութային արժեքների հետ՝ լրիվ նոր ձևաչափով»,- նշեց նա։
Դ. Պողոսյանն ասաց, որ ցուցադրությունն իր գոյացած միջոցներով փակել է իր բոլոր ծախսերը, որը շատ կարևոր է թանգարանի գործառնական մասով։
«Այս ցուցահանդեսը հիմք տվեց այլ ցուցադրությունների։ Այս տարի արդեն նախատեսում ենք ցուցահանդես Լուվրի հետ։ Կարծում եմ՝ կշարունակվի նաև այլ թանգարանների հետ համագործակցությունը»,- ասաց Պատմության թանգարանի տնօրենը։
Հիշեցնենք, որ 2024թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Բացի Անահիտ աստվածուհու արձանից, Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրությանը ներկայացված են ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև Քրիստոնեություն։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության արդյունքում։ Ցուցադրության գլխավոր աջակիցն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։ Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։