Հայաստանի գործող իշխանությունը հաշվի չի առել...

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու կամ չանցկացնելու հարցը մեր եւ իշխանության լիազորությունների մեջ չի մտնում: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ Ազգային ժողովը հայտարարի ինքնալուծարման մասին:

«Դա ես չեմ որոշում: Թող նա հրաժարական տա: Միայն դրանից հետո Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ինչո՞ւ նա չի հեռանում: Այո, նրանք հայտարարել են, որ առաջարկում են ընտրություններ անցկացնել, իսկ ո՞ւր են նրանք»,-ասաց Մարուքանը: Նկատառմանը, թե այդ հարցով գործող իշխանությունը սպասում է խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը, Մարուքյանը նկատեց, որ մինչ այդ ընդդիմության դիրքորոշումն այդքան էլ չէր հետաքրքրում իշխանությանը:

«Ո՞ր պահից սկսած նրանք սկսեցին հաշվի առնել ընդդիմության դիրքորոշումը: Մեր դիրքորոշումը՝ սկսած անցած տարվա նոյեմբերի 10-ից, հետեւյալն է՝ հրաժարական տվեք: Նրանք տվեցի՞ն: Ո՞ր պահից նրանք սկսեցին հետաքրքրվել մեր կարծիքով: Մենք տեսանք, թե ինչպես են հարգում եւ քննարկում մեր դիրքորոշումը»,-ասաց Մարուքյանը: