Հայաստանի և Ադրբեջանի նախարարների անարդյունք...

Երեկ տեղի ունեցավ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որից հետո Պետդեպը հանդես եկավ հայտարարությամբ։ Դատելով այդ հայտարարությունից, հանդիպումը եղել է հերթական փորձը՝ դադարեցնել թեժացումը Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ ոչ ավելին։ Արդյունքների մասով՝ կարելի է ասել՝ ոչ մի։ Մենք արդեն իհարկե գրել էինք, որ այս հանդիպումից շատ բան սպասել պետք չէր էլ։

Ի վերջո, ԱՄՆ-ն հիմա նախընտրական շոուների մեջ է եւ սա էլ հերթականն էր՝ ամերիկահայ համայնքին «կերակրելու» համար գուցե։

Ամեն դեպքում, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու հրատապությունը, թեկուզեւ միայն հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից բերված Մերձավոր-Արեւելյան եւ Հյուսիս-Աֆրիկյան ահաբեկիչների ու գրոհայինների առկայության մասով, պետք է որ արդեն գործուն քայլեր կատարվեին, ասենք՝ այդ գրոհայինների խմբերը ամենակոշտ ձեւով ոչնչացվեին, հատկապես, որ Պոմպեոն հենց այդ հարցի վրա է խորացել Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։

Ստացվում է, որ, ինչպես դիպուկ կերպով նկատել է Eadaily-ն, վկայակոչելով AFP-ին, ընդամենը քաղաքավարի ձեռքսեղմում էր եւ սիրալիրությունների փոխանակություն եւ ոչ ավելին։ Գուցե ընտրություններից հետո Միացյալ Նահանգները լրջորեն զբաղվի, բայց մինչ այդ դեռ բավական ժամանակ կա, իսկ ինչպես ասում են՝ «թնդանոթները կրակում են անդադար» եւ պետք է ինչ որ բան անել, որպեսզի «թնդանոթները լռեն, եւ սկսեն խոսել դիվանագետները»։