Հարիի ու Մեգանի օրինակը Մարիամ Փաշինյանին կար...

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցները մի քանի օր է, ինչ անդադրում գրում են բրիտանական թագավորական ընտանիքում տեղի ունեցող խմորումների մասին։ Խոսքը մասնավորապես, վերաբերում է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու, դրանից բխող պարտականությունները վայր դնելու եւ որպես մասնավոր անձինք՝ նոր կյանք սկսելու որոշման մասին է։ Ասում են, որ նույնիսկ Սասեքսի դուքսն ու դքսուհին սպառնացել են թագավորական ընտանիքի գաղտնիքներ բացահայտել, եթե թագուհին եւ ընտանիքի մյուս անդամները չընդառաջեն ու ազատություն չտան իրենց։ Թագուհին, իրեն հատուկ դելիկատությամբ ու դիվանագիտությամբ, հարցը լուծեց, լիակատար աջակցություն հայտնելով արքայազնին ու նրա տիկնոջը։

Զարմանալիորեն այս իրադարձություններին զուգահեռ Հայաստանում ականատես էինք լինում հակառակ պրոցեսի՝ թե ինչպես երկրի ղեկավար հանդիսացող վարչապետի ընտանիքի անդամներից դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ներքաշվում է ներքաղաքական տարբեր ինտրիգների եւ խաղերի մեջ։ Երկու իրադարձությունները եթե համատեղենք, բավական հետաքրքիր պատկեր կունենանք։Մի կողմից, արքայական արյուն կրող Հարրին եւ նրա դերասանուհի կինը փորձում են դուրս պրծնել պալատական պայմանականություններով եւ ներկայացուցչական արարողակարգային հոգնեցող պարտականություններով լցված իրականությունից, ապրել որպես սովորական մարդիկ։

Մյուս կողմից, նախկին իշխանությունների հանդեպ ունեցած ատելության ֆոնին իշխանության եկած թիմի առաջնորդի դուստրը ներքաշվում է քաղաքական ինտրիգների մեջ, ըստ էության, զոհելով մասնավոր կյանք ունենալու իր հնարավորությունը։ Հասկանալի է, որ քաղաքականության մեջ մտնելուց նա նաեւ պետք է իրեն հաշիվ տա, որ քաղաքականությունն անողոք է եւ երբեմն կարող է չափազանց սուր ցավեցնել իրեն ու ոչ հաճելի հոգեբանական վիճակներում դնել։ Իհարկե, կարելի է պատկերացնել, սովորական ընտանիքից երկրի թիվ մեկ ընտանիք դարձած Փաշինյանների դստեր՝ Մարիամի համար գուցե հաճելի է լինել կարեւոր մեկը, ում խոսքը մեջբերում են լրատվամիջոցները, ում էջին հետեւում են խմբագիրներ, գործիչներ, ով առհասարակ ներքաղաքական օրակարգի մաս կարող է դառնալ։

Սակայն վստահ կարելի է ասել, որ երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի Մարիամ Փաշինյանը ոչ միայն հիասթափվի այդ «առաջին ջութակի» կարգավիճակից, այլ նաեւ սկսի երազել իրենց նախկին կյանքն ու հանգստությունը։ Ազատությունը մարդուն տրված մեծագույն շնորհներից է, եւ այն կորցնելուց հետո միայն կարելի է գնի մասին պատկերացում կազմել։ Արքայադուստր Դիանան էլ, «առաջին ջութակ» էր, սակայն հենց դա եղավ նրա ամենամեծ դժբախտության պատճառը։ Երեւի Մարիամը կհասկանա, ու Մեգանից ու Հարիից օրինակ կվերցնի, հասկանալով նաեւ, թե հասարակությունը ինչպիսի անողոք վերաբերմունք կարող է ունենալ իր հանդեպ, եթե ունեցել է Լեդի Դիի հանդեպ։