ՀԱՊԿ-ը Հայաստանին ասում է՝ «դուք եք ձեր գլխի...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, կողմերի միջև եղել է նաև զինված բախում, որը սակայն այս պահին դադարեցված է ու բանակցություններ են գնում։

Իշխանություններն, ըստ էության, չեն ցանանում գնալ կոշտ գործողությունների և զենքի ուժով դուրս վռնդել ադրբեջանցիներին կամ, որ ավելի լավ է, գերի վերցնել նրանց, որպեսզի հետագայում հանարավոր լինի փոխանակում անել մեր գերիների հետ, ովքեր ամիսներ շարունակ գտնվում են Ադրբեջանում:

Այս օրերին ընդդիմադիր մի քանի գործիչներ առաջարկում էին իշխանություններին դիմել ՀԱՊԿ-ին, որի անդամ է Հայաստանը: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, ի վերջո, տեղի տվեց և երեկ հրավիրված անվտանգության խորհրդի նիստի սկզբում հայտարարեց, որ դիմելու է ՀԱՊԿ. «...միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: 

 Երկրորդ. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: Սույն կարգով, հիշեցնեմ, սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմը»,-իր խոսքում ասաց Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ժամեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել ՀԱՊԿ-ը: Կառույցի հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Հայկական կողմի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածքում»:

ՀԱՊԿ-ի լղոզված այս ձևակերպումը հուշում է, որ կառույցը չի պատարստվում որևէ գործուն քայլ իրականացնել: ՀԱՊԿ-ի նման վարքը սպասելի էր, դատելով կառույցի անդամ հանդիսացող Ադրբեջանի դաշնակից պետությունների հանգամանքը: ՀԱՊԿ-ը, ըստ էության, Հայաստանին ասում է, որ դուք եք ձեր գլխի տերը:

Հ.Գ. ՀԱՊԿ-ի նման կեցվածքը պետք է քննարկումների առիթ դառնա մեզ համար, բայց այն չպետք է հակառուսական հիստերիայի վերածվի: Պետք է հասկանալ, որ այդ կառույցում կան պետություններ, օրինակ՝ Ղազախստանը, որ աջակցում է Ադրբեջանին:  Այս միջադեպը ավելի շատ պետք է առիթ հանդիսանա, որպեսզի մենք առավել ակտիվ աշխատեցնենք հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերը, որոնք առավել լավ հնարավորություններ են տալիս: