ՀԱՊԿ-ում կստեղծվի կենսաբանական անվտանգության...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացող նիստում որոշում են կայացրել ստեղծել Կենսաբանական անվտանգության հարցերի լիազոր մարմինների համակարգող խորհուրդ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մամուլի ծառայությունը։

«Ստեղծվող համակարգող խորհուրդը կզբաղվի ՀԱՊԿ անդամ պետություններում կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակման կազմակերպմամբ, ոլորտում համակարգված գործունեության ձեւավորման եւ զարգացման հանձնարարականների պատրաստմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Խորհրդի գործառույթն է լինելու, մասնավորապես, ազգային, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության սպառնալիքների կանխմանն ուղղված՝ ՀԱՊԿ պետությունների համատեղ գործնական միջոցների մասին առաջարկների մշակումը՝ կապված կենսաբանական գործոնների ազդեցության հետ։ Բացի այդ, երկրները մտադիր են կատարելագործել համագործակցության իրավական բազան ՀԱՊԿ շրջանակում եւ խորացնել պրոֆիլային կառույցների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում։

Նիստին մասնակցում էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։