Հաագայում հրաժարվել են դատել Պուտինին, քանի դ...

Հատուկ տրիբունալը, որը մտադիր են ստեղծել արեւմտյան երկրները՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցում պատասխանատվության ենթարկելու համար, չի կարողանա հեռակա վարույթ սկսել Վլադիմիր Պուտինի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նա զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը։ Այս մասին Euronews-ին հայտնել են նախաձեռնության նախապատրաստմանը ծանոթ եվրոպացի երկու պաշտոնյաներ։ Ինչպես սպասվում է, տրիբունալը կստեղծվի Հաագայում։ Սակայն Պուտինի ներկայիս անձեռնմխելիությունը որպես պետության ղեկավար անհնար է դարձնում նրա հետապնդման իրականացումն առանց նրա անձնական ներկայության դատարանի դահլիճում, սա են պահանջում ապագա դատավարության մտահղացողները։ Այդ սահմանափակումների տակ են ընկնում նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ինչպես ընդգծել է պարբերականը, Ռուսաստանը, որը չի ճանաչում Ուկրաինա ներխուժումը որպես հանցագործություն, հրաժարվում է համագործակցել արեւմտյան կառույցների հետ, ինչը գործնականում անհնար է դարձնում բարձրաստիճան ցանկացած գործչի արտահանձնումը։ Այս բոլոր պայմաններն ամրագրված են միջազգային համաձայնագրի նախագծում, որը պետք է իրավական հիմք տա Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող տրիբունալի աշխատանքին։ Փաստաթղթի տեխնիկական նախապատրաստումն ավարտվել է մարտի վերջին Ստրասբուրգում այսպես կոչված «Հիմնական խմբի» հանդիպման ժամանակ։ Մասնակիցները պատրաստել են երեք հիմնական փաստաթուղթ՝ երկկողմ համաձայնագիր Ուկրաինայի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ, տրիբունալի կանոնադրությունը եւ դրա կառավարման կարգը կարգավորող համաձայնագիր։ Փաստաթղթերի ստորագրումը նախատեսված է մայիսի 9-ին Կիեւում, թեեւ ժամկետները կարող են հետաձգվել։Հեռակա դատավարությունների արգելքը բանակցություններին մասնակցող երկրների փոխզիջման արդյունք էր։ Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ այս դրույթն այլեւս վերանայման ենթակա չէ եւ կներառվի համաձայնագրի վերջնական տարբերակում։ «Խոսքը քաղաքականության եւ բանակցությունների մասին է»,- Euronews-ին ասել է աղբյուրը։Ագրեսիայի հանցագործությունը տարբերվում է այլ միջազգային հանցագործություններից, ինչպիսին են ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները կամ ցեղասպանությունը: Եթե​ վերջինները վերագրվում են անմիջական կատարողներին՝ զինվորներին, սպաներին, վարձկաններին, ապա ագրեսիան որակվում է որպես ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործություն։ Ագրեսիան կարող է արտահայտվել մեկ պետության կողմից մյուսի դեմ ներխուժման, օկուպացիայի, անեքսիայի, շրջափակման կամ այլ զինված հարձակումների ձեւով։ Չնայած Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) իրավասու է նման գործերի նկատմամբ, այսպես կոչված, Կամպալայի ուղղումների համաձայն, այն տարածվում է միայն այն երկրների վրա, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը: Ռուսաստանը, ինչպես եւ ԱՄՆ-ը, չի մասնակցում։ Այդ պատճառով Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցները քննարկում են առանձին, անկախ դատարան ստեղծելու հնարավորությունը։