Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկաց...

Համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձաքննության, ինչպես նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերում: Հիմնավորման համաձայն՝ Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Խիստ կարևոր է համայնքի գազիֆիկացումը և հաշվի առնելով, որ գազամատակարարման մայրուղային գիծն անհրաժեշտ է անցկացնել Կոշ բնակավայրից ու Դպրեվանք բնակավայրով՝ ապա նշված մայրուղային գծի կառուցման արդյունքում հնարավոր կլինի գազիֆիկացնել նաև Արուճ, Նոր Ամանոս, Նոր Եդեսյա բնակավայրերը։ Այսինքն՝ ծրագիրը տարածաշրջանային բնույթ է կրում, քանի որ միաժամանակ կգազիֆիկացվեն մի քանի բնակավայր։ Շամիրամ համայնքի բնակչությունը կազմում է 1170 մարդ, բյուջեն՝ շուրջ 50,0 մլն դրամ։

Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 5,7 մլն դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 513 հազար դրամ, իսկ Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 79.9 հազար դրամ։