Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում փոխվել է տեղեկատվության ազդեցության որակն ու բովանդակությունը: Հիմա շատ ավելի է հեշտացել կեղծ և իրականութանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը: Եթե քաղաքական ուժերի դեպքում դա ինչ որ տեղ հասկանալի է և վնասն էլ ոչ այդքան երևացող, ապա բիզնեսի վրա նոր տեխնոլոգիաներն այս իմաստով կարող են էական բացասական ազդոցություն ունենալ:
Եվ հիմա, երբ հնարավոր է սահմանների բացում՝ մեզ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված պետությունների հետ, կարևոր է մտածել, որպեսզի տեղական բիզնեսը, նաև այս տեսանկյունից, պաշտպանված լինի: Հիմա իշխանություններն իրենց համար պաշտպանության նոր գործիքներ են տածում, բայց իրականում այդ գործիքներն առավել բիզնեսի համար է անհրաժեշտ, քանի որ նրանց հասցված վնասը ազդում է պետության տնտեսական հզորության վրա:
Այս իմաստով առկա գործիքները բավարար չեն, որպեսզի գործարարը Հայաստանում իրեն պաշտպանված զգա մեդիահարձակումներից: Պատկերացրեք տեղական արտադրողի մասին հայտնվում է կեղծ տեղեկատվություն, որը համացանցի ընձեռած հնարավորությունների պարագայում հասանելի է դառնում հարյուր հազարավոր մարդկանց: Բնական է, որ տեղեկատվությունը թողնելու է բացասական նստվածք և ազդելու է այդ բիզնեսի վրա: Այս դեպքում գործարարն ունի մեկ ճանապարհ՝ մտնել դատարան և առավելագույնը, որին կարող է հասնել տարածող աղբյուրի պատասխանատուին 2 մլն դրամ տուգանելն է: Տուգանքը գուցե փոքր կրպակի դեպքում էական լինի, բայց մեծ բիզնեսին հասցրած վնասի համեմատ այն չնչին է, եթե չասենք ոչինչ:
Կեղծ տեղեկատվությունը՝ մեծ ընկերություններին, որոնց վրա է Հայաստանի տնտեսության հիմնական բեռը, կարող է հասցնել մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս ու բնական է, որ 2 մլն դրամ փոխհատուցումը ոչինչ է այստեղ: Այս դեպքում, կարծում ենք, զուտ գործարարների համար հավելյալ պաշտպանության գործիքներ պետք է ներդրվի: Նախ պետք է բարձրացվի բիզնեսին առնչվող կեղծ տեղեկատվության համար սահմանված տուգանքը և երկրորդ օրենքը պետք է հնարավորություն տա գործարարին, որպեսզի նա դատարանի միջոցով կարողանա հասնել մի որոշման, որի հիման վրա դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տարածողին պետք է արգելվի իր հարթակում որևէ հիշատակում անել այդ գործարարին առնչվող որևէ ընկերության մասին: