Գործադիրը գումար է հատկացրել ալպյան մարգագետի...

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների շրջանակում նախատեսվող շուրջ 60 կմ գրունտային ճանապարհի կառուցումն ապահովելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է վարչապետի նախընտրական խոստումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այսպիսով՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ կազմակերպել դեպի ալպյան մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և խոտհարքներ) տանող գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ, իսկ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Սյունիքի մարզպետների աշխատակազմերում մասնակից չլինելու հանգամանքով պայմանավորված՝ մրցույթները վերահայտարարվել են և կատարման ընթացքում են։

Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին կհատկացվեն, համապատասխանաբար 3,168 հազար դրամ, 2,930 հազար դրամ, 2,090 հազար դրամ, 3,300 հազար դրամ, 5,886 հազար դրամ: Որոշման ընդունումը կնպաստի պատմամշակութային, ուսումնական ու գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական), էկոլոգիական, էթնոգրաֆիկ և տուրիզմի այլ ձևերի զարգացմանը: