«Գնա հանձնարարականդ կատարի, նոր կխոսենք»․ Էրդ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Աթաթուրքի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախքան ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանում մասնակցելու համար ԱՄՆ մեկնելը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է իրեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման մասին առաջարկը: Այդ մասին հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

Պաշտոնական Երեւանը այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։ Հույս էլ չկա, որ կարձագանքի, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին ամեն պատեհ անպատեհ առիթի խոսում էր թափանցիկ կառավարումից, ըստ էության զբաղվում է ստվերային բանակցություններով։ Նրան թերեւս դաս չեղավ այն, որ իշխանության գալուց հետո սկսած «վերելակային» ստվերային բանակցություններ Ղարաբաղյան կարգավորման հարցով, ունեցավ աղետալի հետեւանքներ հայկական երկրորդ պետականության համար, կորսվեց Արցախի տարածքի 75 տոկոսը, ունեցանք ավելի քան հինգ հազար զոհ եւ ավելի քան տասը հազար զինհաշմանդամ։

Նրա համար դաս չեղավ այն, որ չի կարելի վստահել թուրքին կամ ադրբեջանցուն, չի կարելի հավատալ նրանց խոսքին, նրան նենգ դիվանագիտությանը, հատկապես, եթե արտաքին քաղաքական հարցերից գրեթե բան չես հասկանում։ Ու հիմա փաստացի կերպով իմանում ենք, որ նա սկսել է կարելի է ասել՝ գաղտնի բանակցություններ՝ Թուրքիայի հետ, մի երկրի, որը 44-օրյա պատերազմի «ճարտարապետներից» է եւ չի թաքցնում այդ մասին։

Ու ցավալին այստեղ այն է, որ նա թքած ունի բոլորի վրա, նույնիսկ իրեն հավատացող հասարակության  եւ ինքն է գնում ու հանդիպման առաջարկով հանդես գալիս, կամ որ նույնն է հանդիպում խնդրում մեր հինգ հազար զոհված տղաների արյան մեջ թաթախված Թուրքիայի ղեկավարից։

Իրավիճակը ստորացնող է, եւ կրկնակի ստորացնող, քանի որ եթե հանդիպում խնդրելով արդեն ստորացել է մի անգամ, ապա Էրդողանի պատասխանն արդեն կրկնակի ստորացում է ենթադրում, քանի որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումը նախապայման առաջ քաշելով, Էրդողանը պարզ ասում է՝ «գնա հանձնարարականդ կատարի, նոր արի հանդիպում խնդրի»։ Ահա այսպիսի իրավիճակում է հիմա գտնվում Հայաստանը եւ ահա այսպիսի ստորացված վիճակում է գտնվում հայկական դիվանագիտությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով։