Գեորգի Գախարիան քաղաքական հասունության «մաստե...

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը թիմի հետ ունեցած տարաձայնություններն են, կապված ընդդիմադիր գործիչներից «Ազգային միասնական շարժում» կուսակցության առաջնորդ Նիկո Մելիայի ձերբակալման հարցի հետ։ Հիշեցնենք, որ դատարանը որոշում էր կայացրել, ըստ պաշտոնական տեղեկատվության, անկարգությունների մասնակցության, ինչպես նաեւ բողոքի ցույցի ընթացքում խմբակային բռնության կազմակերպման եւ իրականացման մեջ մեղադրվող Նիկա Մելիային կալանավորել։

Ավելի ճիշտ, գրավով ազատ արձակելու որոշումը փոխել կալանքի։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Մելիան հրաժարվել է վճարել գրավը, իսկ դատախազությունն էլ միջնորդել էր խորհրդարանին զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից, որը գործնականում միակուսակցական պառլամենտում բավարարվել էր։ Ըստ էության Վրաստանում ծավալվում է քաղաքական ճգնաժամ, որը սկիզբ էր առել դեռ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին նորընտիր խորհրդարանի աշխատանքները, համարելով, որ նոր խորհրդարանը լեգիտիմ չէ եւ ընտրակեղծիքներով է իշխող մեծամասնությունը ձեռք բերել իր մանդատները։

Հրաժարականի հայտարարությունում Գախարիան նշել է, որ դեմ է բեւեռացմանը եւ կարծում է, որ եթե Վրաստանում լինի բեւեռացում եւ սկսվի բեւեռացված առճակատում, ապա երկիրը կկանգնի կործանման եզրին։ Իսկ հիմա գանք Հայաստան։

Ի տարբերություն Վրաստանի, Նիկոլ Փաշինյանն ըստ էության չունեցավ սկզբունքայնություն նախորդ իշխանությունների ժամանակ, երբ ընտրվում էր պատգամավոր եւ զուգահեռ հայտարարում, որ ընտրությունները կեղծված են եւ ՀՀ ԱԺ-ն լեգիտիմ չէ, մինչեւ վերջ պնդելու իր հայտարարությունները եւ դեմոնստրատիվ կերպով հրաժարվելու մանդատից, կամ չգնալու խորհրդարան ի նշան բողոքի։

Ի տարբերություն օրինակ Սահակաշվիլու «Ազգային միասնական շարժման» կուսակցության ներկայացուցիչների, նա ցույց տվեց, որ իրականում բաղձում է այդ մանդատը եւ ընդամենը շարքային կոմֆորմիստ է։ Բացի այդ, Գախարիան, ըստ փորձագետների, համարվում է իր թիմի լոկոմոտիվը եւ նրա հեղինակությունը բավական բարձր է ու կարող է մրցել հենց «Վրացական երազանքի» վարկանիշի հետ։ Այս հրաժարականով նա քաղաքական հասունության եւ ժողովրդավարության «մաստեր կլասս» ցույց տվեց, հասկացնելով, որ չի կարելի հետապնդել ընդդիմությանը, ընդդիմադիրներին։ Օրինակ եթե Վրաստանը պարտվեր պատերազմում, կարելի էր պատկերացնել, թե Գախարիան քանի վայրկյանում որպես պարտված վարչապաետ հրաժարական կտար։

Մինչդեռ Փաշինյանը կարելի է ասել մորթապաշտության «մաստեր կլասս» է ցույց տալիս, ընդդիմությանն ու ընդդիմադիրներին ճնշելով։ Ըստ էության Գախարիան ցույց տվեց, որ Կովկասում Վրաստանն է «դեմոկրատիայի կղզյակը», եւ վրացական դեմոկրատիան շատ ավելի կայացած է իսկ ինքը շատ ավելի քաղաքականապես հասուն, քան օրինակ Նիկոլ Փաշինյանը, որը շարքային կոմֆորմիստից այժմ վերածվել է ամենասովորական «բռնապետիկի»։