Ֆիլիպ Ռիկերի ռեգիոնալ այցի մեսիջները

Միացյալ Նահանգների Պետքարտուղարի Եվրասիայի եւ Եվրոպայի հարցերով օգնականի պարտականությունների ժամանակավոր կատարող Ֆիլիպ Ռիկերի այցը Հարավային Կովկաս շարունակվում է։ Այս համատեքստում բավականին հետաքրքիր են թե այն մեսիջները, որոնք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հղում է մեր ռեգիոնում, թե այցի բուն շարժառիթներն են հետաքրքիր եւ թե այդ մեսիջների հետ կապված Մոսկվայից հնչող արձագանքները։

Ըստ այդմ, կարող ենք ասել, որ հունիսի 16-ին Ժնեւի «Լա Գրանժ» նշանավոր վիլլայում կայանալիք Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ այս այցով Միացյալ Նահանգները փորձում է շոշափել տրամադրությունները Հարավային Կովկասում։ Ի դեպ նկատենք, որ բացի Պուտին-Բայդեն հանդիպումից, մի քանի օրից նաեւ Բայդեն-Էրդողան հանդիպում է կայանալու, եւ Ռիկերի այցը կարելի է դիտարկել որպես հետախուզական, ընդհանուր տրամադրությունները ստուգող։ Ասել, թե Ռիկերն օրինակ Հայաստանի գործող իշխանություններին ինչ որ հստակ երաշխիքներ կտա վերարտադրվելու մասով, դժվար թե։ Սակայն գոնե քաղաքական երկնակամարում տեղ ունենալու մասով երաշխիքներ ամենայն հավանականությամբ կտա, եթե իհարկե Փաշինյանը իր թիմի ձեւավորումը էլի իրականացնի փայատիրական հիմունքներով, որտեղ արեւմտյան ազդեցության ուղղակի կրողները լինեն ներկայացված։ Բայց հատկապես առաջնահերթ խնդիրը Ռիկերի համար, ռեգիոնի քաղաքական լանդշաֆտի ուսումնասիրությունն է։

Ընդ որում, Ռիկերը կարծես թե փորձում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ արդեն Բայդեն-Էրդողան եւ հատկապես՝ Բայդեն-Պուտին հանդիպումներից հետո ռեգիոնում Ամերիկայի քաղաքականության հնարավոր ակտիվացման համար։ Ականադաշտերի քարտեզների, հայ ռազմագերիների եւ պահվող անձնաց մասին, ԼՂ հակամարտության կարգավորման ապագայի առնչությամբ նրա արած հայտարարությունները այդ մասին են վկայում։ Ավելին, «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդառաջ հայտարարություններն էլ Ղարաբաղյան հարցի առնչությամբ ինչ որ հետաքրքիր համընկնումներով կարծես թե խոսում է այն մասին, որ կա որոշակի կոնսենսուս, առաջիկա շաբաթներից հետո աշխատելու, եթե իհարկե, Պուտինն ու Բայդենը «Լա Գրանժում» կարողանան պայմանավորվել։