Եվրահանձնաժողովը Լեհաստանին, Սլովակիային և Հո...

Առևտրի հարցերով եվրակոմիսար Վալդիս Դոմբրովսկիսը Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային կոչ է արել չեղարկել ուկրաինական հացահատիկի ներմուծման միակողմանի սահմանափակումները, քանի որ Եվրամիությունն արդեն մշակել է այլընտրանքային մեխանիզմներ, որոնք կօգնեն պաշտպանելու եվրոպացի ֆերմերներին ուկրաինական արտադրանքի գերավելցուկից: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Դոմբրովսկիսը մասնակցել է Եվրախորհրդարանին առընթեր գյուղատնտեսության հանձնաժողովի քննարկումներին։ Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն արդեն պաշտպանական միջոցներ է կիրառել Ուկրաինայի հարևան երկրների համար՝ հատկապես հումքային ապրանքների ներմուծման հարցում, ինչպիսիք են ցորենը, հլածուկը, արևածաղիկը և եգիպտացորենը։ Հետագայում ԵՀ-ն Ուկրաինայի հետ միասին մշակել է արտահանման հսկողության մեխանիզմ, և այն արդեն գործում է Ուկրաինայի և Ռումինիայի միջև, պարզաբանել է Դոմբրովսկիսը։

«Այս մեխանիզմը չի գործում, օրինակ, Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի հետ, քանի որ այդ երկրները շարունակում են կիրառել միակողմանի սահմանափակումներ, որոնք, ի դեպ, հակասում են առևտրի քաղաքականության ոլորտում ԵՄ-ի բացառիկ իրավասությանը, ինչպես նաև Ուկրաինայի և ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) հետ ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված ձեր պարտավորություններին», - ընդգծել է նա։

Բացի այդ, Դոմբրովսկիսը նշել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է առանձին առևտրային միջոցառումներ սահմանել այն երկրների համար, որոնք բախվում են ուկրաինական ապրանքների՝ շուկայի վրա բացասական ազդեցության խնդրին: Խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձվի, շաքարի և արևածաղկի ձեթի մասին է, որոնց համար Եվրահանձնաժողովն առաջարկել է սահմանել առավելագույն քվոտա` հիմնված 2022-2023 թվականների ներմուծման միջինացված տվյալների վրա։

Դոմբրովսկիսը նշել է, որ «համերաշխության միջանցքների» գործողությունը մնում է արդիական՝ չնայած Ուկրաինայի կողմից Սև ծովով արտահանումների վերականգնմանը։