Եթե Փաշինյանը վարչապետ չլինի` կդիմենք ահաբեկչ...

Նախորդ շաբաթ, երբ զինված անձը մտավ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն և պատանդներ պահեց մի քանի ժամ, հանրության համար կրկին քննարկելի թեմա դարձավ երկրում առկա ատելության մթնոլորտը։

Ակնհայտ է, որ ատելության մթնոլորտը շիկացնում են իշխանություններն ու իրենց աջակիցները։ Նիկոլ Փաշինյանի ամենատարբեր աջակիցներ, տարբեր ժամանակներում հնչեցնում են սպառնալիքներ հասարակական-քաղաքական տարբեր գործիչների հասցեին։ Իրավապահները չտեսնելու են տալիս տարբեր ժամանակներում հնչեցված սպառնալիքները, իսկ եթե նկատում էլ են, ապա սպառնալիքների հեղինակները չեն պատժվում օրենքի տառին համապատասխան։ Վառ օրինակ էր Ջիվան Աբրահամյանը, ով հայտարարում էր, որ «քարով կցխի Բակո Սահակյանի գլուխը»։ իրավապահները ուսումնասիրեցին և վերջում հայտարարեցին, թե հանցակազմ չկա։

Հիմա իշխանության աջակիցները տեսնելով անպատժելության մթնոլորտը առավել առաջ են անցել։ Այսպես կոչված «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ Հայկ Ստեփանյանն օրերս «Նոյան Տապան» մամուլի ակումբում հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ապա իրենք կգնան ահաբեկչական գործողությունների։

Իշխանության աջակիցը բացառում է Փաշինյանի հրաժարականը և ընդգծում է, որ իր համար հեղաշրջումը Փաշինյանի վարչապետ չլինելն է։ Բայց չէ որ Փաշինյանը միապետ չէ և քաղաքական կյանքը Հայաստանում դեռ չի մահացել։ Կարող է իրավիճակն այնպես հասունանալ, որ քաղաքացիները ոտքի կանգնեն ու պահանջեն Փաշինյանի հրաժարականը ու նա այլևս վարչապետ չլինի։  Այդ դեպքում կարող ենք սպասել ահաբեկչական գործողությունների «Հեղափոխության պահապաններ» կոչվող նախաձեռնությունից։

Իշխանությունները ահաբեկչության սպառնալիքին պետք է անմիջապես արձագանքեն։ Եվ եթե նշված նախաձեռնությունն ու հայտարարության հեղինակը չեն պատժվում օրենքի ուժով, ապա ցանկացած մեկը ամենատարբեր պատճառներով կարող է հայտարարել, որ կգնա ահաբեկչության։ Իշխանության անգործության արդյունքում կարող են առաջ գալ խմբեր, որոնք կսպառնան սպանել բոլոր նրանց, ովքեր կքննադատեն վարչապետ Փաշինյանին։