Եթե ինձ արդարացնեն, կստացվի՝ «Սասնա ծռեր»-ում...

2013 թվականի նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի դեմ քրեական հետապնդումը չի դադարում։ Նա ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու համար․ «Արդեն երեք տարի է՝ շարունակվում է դատական գործընթացը․ ներկայացվել է մեղադրանք, որ մտադրություն ունեի միանալ «Սասնա ծռեր» խմբին և այդ նպատակիս հասնելու համար քաղաքացիներին ուղորդել եմ ՊՊԾ գունդ։ Պիտի ճեղքեին ոստիկանների պատնեշը, որպեսզի ես մտնեմ գնդի տարածք,-նշում է նա,-ասուլիս ենք հրավիրել, որ ինչ-որ կերպ կարողանանք ճնշում գործադրել դատախազության և դատարանի վրա»։ Ղուկասյանի խոսքով, եթե նախկին պաշտպանների ասածներով շարժվեր՝ մինչև հիմա բանտում կլիներ․ «Իմ պաշտպանները առաջարկում էին ոչինչ չասել, ցուցմունքներ չտալ, մնալ քաղբանտարկյալի ստատուսում։

Վերջերս իմացա, որ երկու պաշտպաններս էլ աջակցում են նախկին ոստիկանապետին։ Եթե իրենց ասածով շարժվեի, մինչև հիմա երևի կլինեյի բանտում»։ Ղուկասյանը շինծու է համարում իրեն առաջադրած մեղադրանքը։ Ասում է գործի նյութերի բոլոր ապացույցներն ունի, սակայն իրեն պաշտպանվելու հնարավորություն ուղղակի չի տրվում․ «Սկզբում երեք հոգու են մեղադրանք ներկայացրել՝ ինձ, Դավիթ Սանասարյանին և Մարտիրոսյան Արմենին։ Սակայն նրանց մասով ոչ արժանահավատ ցուցմունքների ու ոչ բավարար ապացույցների հիման վրա քրեական գործերը փակված են։ Սակայն նույն վկաների ցուցմունքները արժանահավատ են իմ դեպքում»։ Որպես տուժող դատախազության ու քնչական մարմնի կողմից ճանաչվել է 38 անձ՝ գլխավորապես ոստիկաններ, որոնցից 8-ը եղել են ՊՊԾ գնդում։ Նրա խոսքով երկու վկաների ցուցմունքները արժանահավատ համարել չի կարելի, քանզի երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ, հաշվառված են, մեկը ռազմական ոստիկանության գնդապետի եղբայր է․ «Դատախազության դիրքորոշումից երևում է, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել։