Եթե հեռանանք, պետք է հեռանանք թիմով. Լենա Նազ...

Խորհրդարանական երկրում քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթություն է, որ քաղաքական թիմի վարչապետը լինի այլ քաղաքական թիմից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Ես ունեմ տպավորություն, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ։ Նրանք ավելի քան վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի եւ անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա։ Նրանք նախորդ ընտրություններում ավելի շատ բոնուսով էին մանդատ ստացել, քան ընտրություններով եւ բնական է, որ այսպիսի բարեբախտություն նրանց հետ այլեւս չի պատահի։ Հաջորդ ընտրություններին նրանք ավելի քիչ ձայներով կհայտնվեն խորհրդարանում կամ չեն հայտնվի»,– նշեց Նազարյանը։

Լենա Նազարյանը բացառեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն աջակցի «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ որպես վարչապետի թեկնածու. «Խորհրդարանական երկրում քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթություն է, որ քաղաքական թիմի վարչապետը լինի այլ քաղաքական թիմից։ Եթե հեռանանք, պետք է հեռանանք թիմով։ Եթե ցուցակի առաջին համարը հեռանում է, ապա ես ինչո՞ւ պետք է մնամ, խորհրդարանում ի՞նչ պետք է անեմ։ Եթե «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին, արտախորհրդարանական ուժերը հայտարարում են, որ արդյունքները կեղծվելու են, յուրաքանչյուր քվեատուփի մոտ արյունահեղություն է լինելու, ապա նման պայմաններում ինչպե՞ս կազմակերպենք արտահերթ ընտրություններ, ինչպե՞ս վստահ լինենք, որ կստեղծվի հանգիստ մթնոլորտ եւ մարդիկ ընտրությունների կգնան` լսելով բոլոր թեկնածուներին»։