
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է իր լավ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Էրդողան անունով մարդու հետ: Գիտեմ, որ մամուլը զայրանում է, որ Էրդողանն ինձ դուր է գալիս, բայց ես հավանում եմ նրան, նա էլ՝ ինձ, և մենք երբեք որևէ խնդիր չենք ունեցել»:
Նրա խոսքով՝ Թուրքիան Սիրիայում արեց այն, ինչ ոչ ոք չէր կարող անել. «Էրդողանը շատ ուժեղ և խելացի անձնավորություն է: Նա արեց այն, ինչ ոչ ոք չէր կարող անել (Սիրիայում): Դուք պետք է գնահատեք նրան»:
Պատասխանելով Նեթանյահուի այն պնդումներին, թե ինքը «Թուրքիայի հետ Սիրիայում խնդիրներ ունի», Թրամփն ասել է.«Կարծում եմ՝ կարող եմ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ունեք Թուրքիայի հետ (Սիրիայի հարցում): Դուք և մենք պետք է ողջամիտ լինենք այս հարցում: Ես շատ, շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի և նրա առաջնորդի հետ, և կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել այս խնդիրը»: