Երեւանը դասեր է քաղել Յուրի Խաչատուրովի «պատմ...

Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարին լրացավ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը որպես ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ։ Դեռ անցյալ տարեվերջից, ըստ ռոտացիոն կարգի, համաձայնեցվել էր, որ նրան կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։ Եվ ահա, մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ։

Դեռ ամիսներ առաջ շրջանառվեցին խոսակցություններ, որ Հայաստանի նախկին վարչապետի հանդեպ, ով նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներից է, եւ բավական «թաթախված» տարատեսակ պատմություններում, Հայաստանի իշխանությունները դժվար թե փորձեն ինչ որ քայլեր ձեռնարկել, քանի որ վերջինս ռուսական պատրոնաժի ներքո է։ Ըստ էության, այս տեսակետը լիովին իրականացավ։ Փետրվարից մինչեւ մարտի 23-ը Հայաստանի գործող իշխանությունները փաստորեն ոչ մի քայլ չձեռնարկեցին Տիգրան Սարգսյանի հանդեպ, այսպիսով նաեւ ապացուցելով, որ վերջինս ռուսական պատրոնաժի ներքո է, թեեւ ըստ օրենքի, եթե քայլ ձեռնարկելու լինեին, իշխանություններին դժվար թե խանգարող բան լիներ, քանի որ ԵԱՏՄ Կոլեգիայի նախագահի պաշտոնը կորցնելուց հետո, նա նաեւ կորցնում էր անձեռնմխելիությունը։

Այս զգուշավորությունը կամ վախվորածությունը թերեւս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ ձեռնարկած գործողություններից եւ դրա հետ կապված Մոսկվայի արձագանքից հետո Երեւանում բավական սկսել են կշռադատել կատարելիք քայլերն ու դրանց հետեւանքները, հասկանալով, որ ամեն դեպքում չարժե հարաբերություններ սրել Մոսկվայի հետ, այն էլ այժմյան խառնակ ժամանակներում, հատկապես, որ Տիգրան Սարգսյանն ասում են՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի համակուրսեցին է եղել, իսկ դա արդեն չափազանց շատ բան կարող է նշանակել ողջ հետխորհրդային տարածքում՝ նաեւ քաղաքական առումով։ Բացի այդ, եթե Մոսկվան վերցրել է իր հովանու ներքո Տիգրան Սարգսյանին, ուրեմն որոշակի պլաններ ունի նրա հանդեպ, բայց թե ինչ, թերեւս ցույց կտա ժամանակը։