Երևանի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի...

Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից: Այդ մասին հայտնել է ԱԻՆ լրատվականը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։ ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Ավելի վաղ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Կիևյան 1-ում ապօրինի պատշգամբի ապամոնտաժման մասին:

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Վարչական շրջանի ղեկավարությունը ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժում է ապօրինի կառույցը»,-ասվում էր գրառման մեջ։