Էրդողանը խաղարկում է իր վերջին խաղաքարտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարին կրկին մզկիթի կարգավիճակ տալը թե որոշ միջազգային թե հայկական շրջանակներում գնահատեցին որպես լուրջ ապտակ քրիստոնյա աշխարհին։ Սակայն նույն քրիստոնյա գերտերությունները բավական զուսպ հայտարարություններով հանդես եկան, մի բան, որ ամեն դեպքում զարմանալի էր։ Իրականում, սակայն հարցը այնքանով որքանով հակաքրիստոնեական է, նույնքանով էլ սեպ է խրում մահմեդական աշխարհի միջեւ։ Բացի այդ, ինչպես եւ սպասելի էր, գնահատվեց քաղաքական նպատակահարմարությունը, հատկապես գերտերությունների արձագանքի մասով, չհաշված նաեւ, որ Էրդողանը բավական նեղ վիճակում գտնվելով, հուսահատ ճիգեր է անում, ժողովրդի վստահությունը վերականգնելու համար։

Մեծ գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ Էրդողանը եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներթուրքական մակարդակում ունի լուրջ վստահության ճգնաժամ։ Այն, որ Ստամբուլի քաղաքապետը արդեն ընդդիմության ներկայացուցիչն է, իսկ թուրքական քաղաքական ավանդույթի համաձայն, ով տիրում է Ստամբուլին, տիրում է ողջ Թուրքիային սկզբունքն է գործում (Էրդողանը նույնպես մեծ քաղաքականություն է մուտք գործել, որպես Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ), կարելի է պատկերացնել, թե ինչպիսի բարդ վիճակ է։ Ավելին, նահանգապետների մեծ մասի վերջին փոփոխություն-փոխատեղումները Թուրքիայում նույնպես իշխանության ոչ լավ վիճակի մասին են խոսում։

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալով, Էրդողանը փորձում է խաղարկել թերեւս իր վերջին խաղաքարտը, հույսը դնելով նեո-օսմանական-ազգայնական-իսլամիստական շրջանակների վրա։ Սակայն այս քայլը նաեւ վիրավորանք է հանրապետական Թուրքիայի հայր համարվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին եւ վիրավորանք նրա քաղաքական ժատանգորդների համար, որոնք Թուրքիայում որակական եւ քանակական զգալի շերտ են կազմում։ Ուշադրություն դարձնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Սոֆիայի տաճարի մասով հանդես էր եկել հայտարարությամբ։

Եթե Էրդողանը խելացի քաղաքական գործիչ լիներ, ապա այս քայլը կաներ ասենք դեկտեմբերին՝ այսինքն ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Միացյալ Նահանգներում հիմա նախընտրական թեժ պայքար է ընթանում։ Թրամփը բառացիորեն ամեն մի քվեի համար կենաց մահու պայքար է մղում։ Անուշտ, իր հայտարարությունը Սուրբ Սոֆիայի տաճարի մասով եւս այս համատեքստում պետք է դիտարկվեր։ Եթե օրինակ Էրդողանը հարգեր այդ հայտարարությունը, ապա Թրամփը կշահեր ծագումով հույն օրթոդոքս ամերիկացի ընտրողների քվեն, ինչը Սպիտակ տան համար շատ կարեւոր է։ Սակայն հիմա, արդեն այդ ընտրողների համար Թրամփի հեղինակությունը սասանվեց, որովհետեւ իր խոսքը չհարգվեց, իսկ կրոնը շատ նուրբ եւ զգացական թեմա է։

Էրդողանն ուրեմն լուրջ ճգնաժամի մեջ է, որ նույնիսկ սա չի հաշվարկել։ Գալով Ռուսաստանին, պետք է նշենք, որ մեծ հաշվով Ռուսաստանի համար սա ձեռնտու տարբերակ է, քանի որ նվաստանում է Հույն Օրթոդոքս տիեզերական պատրիարքությունը․ նշենք, որ Մոսկվայի պատրիարքությունը որպես ամենախոշոր օրթոդոքս եկեղեցու ղեկավար կառույց, այսօր անթաքույց նկրտում ունի առաջնության՝ Օրթոդոքս աշխարհում։

Շատ հետաքրքիր է նաեւ իսլամական աշխարհի, հատկապես՝ արաբական աշխարհի անտարբերությունը։ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես համամահմեդական աշխարհի կենտրոն եւ սա առաջին հերթին մարտահրավեր էր արաբական աշխարհին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային, որի տնօրինության տակ են գտնվում Մեքքան, Մեդիան եւ համաիսլամական մյուս սրբավայրերը։

Նշենք, որ քաղաքականության մեջ Սաուդյան Արաբիան մրցակից է Թուրքիային եւ փաստորեն Էրդողանը նաեւ հոգեւոր-կրոնական ոլորտում է որոշել մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ, ինչը կարող է բերել ներիսլամական պառակտման։ Այս ամենը հանրագումարի բերելով, կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցածը ոչ միայն հակաքրիստոնեական, այլ նաեւ իսլամական միասնությանը դեմ ուղղված քայլ է։