Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջա...

Թուրքիան հարևանների հետ համատեղ ջանքերով վերջ կդնի իր սահմաններին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայությանը։ Այս մասին, Իրաքից վերադառնալով, իրեն ուղեկցող լրագրողներին է հայտարարել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Իրաքում և Սիրիայում, հատկապես Սիրիայում, ահաբեկչության ճահիճը կցամաքեցվի ոչ միայն մեր, այլև երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով»,- ասել է նա։

«Մենք շարունակում ենք անդադար  պայքարել ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ։ Ինչպես գիտեք, Իրաքում և Սիրիայում PKK-ի դեմ մեր պայքարն իրականացվում է բազմակողմանիորեն և երկար տարիներ։ Եվ այսուհետ այն կշարունակվի նույն վճռականությամբ։ Այս պայքարը կշարունակվի ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր սահմաններից դուրս՝ միջազգային իրավունքի շրջանակներում և հարգելով մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Մենք ցանկանում ենք, որ մեր հարևանները անհրաժեշտ դիրքորոշում ցուցաբերեն մեր առջև ծառացած սպառնալիքների դեմ, և մենք միասին կշարունակենք այս պայքարը»,- ընդգծել է Էրդողանը։ Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար։ «Այդ սպառնալիքի վերացումը բխում է նաև Իրաքի շահերից: Ես հավատում եմ, որ նրանք տեսնում են այս իրականությունը և կամք կդրսևորեն վերացնելու այս խնդիրը։ Մենք այսպես թե այնպես կոչնչացնենք ահաբեկչությունը։ Մենք վճռական ենք տրամադրված այս հարցում։ Մենք երբեք պատերազմի դաշտը չենք թողնի նրանց, ովքեր ձեռք ձեռքի տված են գնում ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպությունների հետ, և նրանց, ովքեր օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունները որպես խաղաքարեր»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։