Էրդողանը ասեց, իսկ Փաշինյանը արեց․ ինչ էր ուզ...

Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները տպավորություն է, որ որոշ խաղաքարտեր խառնել են։ Ադրբեջանը դեռ ընտրությունները չկայացած հայտարարեց, թե դա իր համար անընդունելի է, այդ առիթով հավաքել էին անգամ այդ երկրում հավատարմագրված դեսպաններին։ Հետո այդ երկրի նախագահ Ալիեվը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, թե կխոսի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ․«Իլհամ Ալիեվի հետ այս թեմայի շուրջ խոսեցի: Այս խոսակցությունից հետո էլ  հավանաբար պարոն Փաշինյանի հետ կխոսեմ: Իհարկե, տարածաշրջանը խաղաղության հրավիրելուց բացի այլ ճար չունենք: Բայց իհարկե Ղարաբաղում, հատկապես Խանքենդիում (Ստեփանակերտ) այս պահին արված քայլերը ճիշտ քայլեր չեն: Հնարավոր չէ դրանք ընդունելը: Եվրոպական միության անդամ երկրներն էլ դա չեն ընդունում»,-ասել էր Թուրքիայի նախագահը։

Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը կայացավ օրվա ընթացքում և չնայած Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ խոսելու է Արցախի խնդրի շուրջ, Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ ոչ մի հիշատակում չկար այդ մասին․ «Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեվ խաղաղության եվ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Կցկտուր այս տեղեկությունները շատ բան հասկանալու հնարավորություն չեն տալիս, բայց ելնելով Փաշինյանի և Էրդողանի հարաբերությունների որակից ու մակարդակից ակնհայտ էր, որ թուրքական կողմը զանգահարել է տիրոջ իրավունքով և որոշակի պահանջներ է դրել Փաշինյանի առջև։

Հեռախոսազրույցից հետո անակնկալ կերպով հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հարցազրույց է տալու Հանրային հեռուստաընկերության եթերում։

Հարցազրույցի հենց առաջին րոպեները բացահայտեցին, թե Էրդողանն ինչ է ասել, որ Փաշինյանը անի։

Նախ Փաշինյանը ևս մեկ անգամ Հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս․ «Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է  Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- հայտարարեց Փաշինյանը:

Հետո նա խոսեց գլխավոր թեմայի մասին, որի համար Էրդողանն իրեն զանգահարել էր։ Խոսքն իհարկե Արցախի նախագահական ընտրությունների մասին է։ Խոսելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասին Նիկոլ Փաշինյանը չօգտագործեց նախագահ բառը, այլ նրան կոչեց «Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդ», իսկ վերջում բացատրեց, թե ինչու՞ չի շնորհավորել նրան ընտրվելու կապակցությամբ․ «Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ»։ 

Փաշինյանը չմոռացավ նաև դրական գնահատել Էրդողանի հետ շփումը․ «Խոսակցությունը խիստ պաշտոնական էր: Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար։ 

Փոխադարձաբար մի շարք նրբություններ կան։ Կարևոր է նաև, որ դրանց վերաբերյալ, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»,-ասել էր Փաշինյանը։

Ըստ էության Փաշինյանը ՔՊ նախընտրական ․ «Ասեք, անենք» կարգախոսի տրամաբանությամբ էր գործել՝  Էրդողանը ասել էր, իսկ ինքը շտապել էր Հանրայինի եթեր՝ անելու։