Էրդողանի կուսակցությունը հայտնել է, որ «Կրոկո...

Ահաբեկչությունը «Կրոկուս սիթի հոլում» չէր կարող տեղի ունենալ առանց օտարերկրյա հետախուզության աջակցության։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում ռուս ժողովրդին այդ ողբերգական իրադարձության առիթով։ Ակնհայտ է, որ նման պրոֆեսոինալ ակցիան չէր կարող կատարվել առանց որեւէ պետության հետախուզության աջակցության։ Նման ակցիաները միշտ իրենց հովանավորներն ունեն։ Կան լոբբիներ, որոնք ցանկանում են պատերազմի [Ուկրաինայում հակամարտության] շարունակումը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչը NTV հեռուստաալիքի եթերում։

Նա ավելացրել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները փոխգործակցում են ահաբեկչության հակազդման հարցերում։

Էրդողանը մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ցավակցություններ էր հայտնել ահաբեկչության առիթով՝ հայտնելով Անկարայի պատրաստակամությունը՝ համագործակցել Մոսկվայի հետ բոլոր տեսակի ահաբեկչությունների դեմ պայքարում։