Էրդողանի հայաստանյան սիրելիները. Top-news.am

Top-news.am-ը գրում է․

«Սպասելի էր, որ այսպես կոչված մարտի 1-ի գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, ապա դրան հետեւած դատարանի վճիռը ցնցակաթվածի է ենթարկելու այն ուժերին, որոնց նպատակը մեր պետության կազմաքանդումն է, մեր հասարակության ոչնչացումը:

Այսպես կոչված սորոսականները, նիկոլականները 2018-ի ապրիլին իշխանությունը զավթելուց հետո հենց մարտի 1-ի գործը շահարկելով սկսեցին իրենց հարձակումը զինված ուժերի եւ Արցախի հերոսների նկատմամբ:

Բնականաբար, նրանց համար, մեղմ ասած, ծանր էր, ՍԴ-ի որոշումը, ծանր էր դատարանի կայացրած վճիռը: Նրանք խայտառակ պարտություն կրեցին:

Ափսոս միայն, որ այդ պարտությունն արձանագրվեց այն ժամանակ, երբ արդեն կորցրել ենք Շուշին, երբ զոհվել են մեր հինգ հազար տղերքը:

Բայց մենք գիտենք, որ քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին: Մեր ժողովրդի, պետության թշնամիները չեն հանդարտվել եւ չեն պատրաստվում հաշտվել պարտության մտքի հետ: Նրանք անգամ ատամ են ցույց տալիս: Սա վկայում է, որ մեր թշնամիները հինգ հազար զոհերով, Շուշին թշնամուն հանձնելով, Շուռնուխն ու Որոտանը հակառակորդին նվիրելով չեն հանդարտվել: Նրանք այլ ծրագրեր էլ ունեն:

ՍԴ-ի որոշումից դժգոհողների առաջին շարքերում Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանն են: Սրանք մնում է մի ցուցապաստառ գլխների վրա պարզեն, որ բոլորը, նույնիսկ ամենամիամիտներն իմանան, որ իրենք Թուրքիայի ներկայացուցիչներն են Հայաստանում: Հասել ենք մի կետի, երբ արմանբաբաջանյաններն ու արամսարգսյաններն այլեւս չեն թաքցնում, թե ինչ հանձնարարություններ են կատարում եւ ինչ խնդիր են փորձում լուծել:

Թուրքիան, կարծես թե, Հայաստանում գործում է մի քանի շարասյուններով, որոնցից ամենաակտիվը, ամենաերեւացողն ու ամենաագրեսիվը սրանք են: Հենց սրանց միջոցով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ շոշափում է հասարակական տրամադրությունները, ապա փորձում իրականացնել իր ծրագրերը մյուս շարասյունների միջոցով:

Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից եւ այստեղ նրան այդ հարցում օգնում են հենց Արման Բաբաջանյանի նմանները: Կարելի է արդեն կռահել, որ նախապես գծված ծրագրի համաձայն, ադրբեջանցիները պետք է մտնեին Ստեփանակերտ, ապա Էրդողանի հորդորով Ադրբեջանը պետք է միջանցք բացեր եւ թույլ տար, որ հայերն անվտանգ դուրս գային Արցախից, որից հետո Հայաստանում պետք է հակառուսական հիստերիա սկսվեր, բնականաբար՝ Գյումրու ռազմական հենակայանը հանելու պահանջով:

Էրդողանի ծրագիրը կիսատ աշխատեց: Ստեփանակերը հրաշքով, իսկ ավելի կոնկրետ ռուսաստանյան կողմի ակտիվ միջամտությամբ մնաց հայկական, իսկ Արցախում հայտնվեցին ռուսաստանցի խաղաղապահները: Այսուհանդերձ, Թուրքիան չի հանձնվում, եւ դեռ հույս ունի, որ նիկոլը կարող է Ռուսաստանն ամբողջովին դուրս մղել Հայաստանից, տարածաշրջանից, եւ այստեղ նրան պետք է օգնեն արամսարգսյաններն ու արմանբաբաջանյանները:

Մենք դասեր չքաղեցինք հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Մենք անգամ չենք ցանկանում դասեր քաղել կես տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Իսկ թշնամին չի քնում: Նրանք սպասում են հարմար պահի նոր հարձակման համար:

նիկոլի իշխանության մնալը Հայաստանն աշխարհի երեսից ջնջելու համար ամենագլխավոր նախապայմանն է: Եւ կապ չունի այն կջնջվի միանգամից, թե դանդաղ՝ տարիների ընթացքում: Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը Էրդողանի հայաստանյան առաջամարտիկներն են, իսկ նիկոլը նրա հենասյունը: Չգիտակցենք սա՝ ծանր հարված, ավելի ծանր հարված կստանանք:

Մնում է հուսալ, որ գոնե հիմա հանրությունը կհասկանա, թե ով ով է եւ համապատասխան հետեւություններ կանի, եւ ոչ թե կուլ կտա այս կամ այն շարասյան գցած խայծերը, թե իբր նիկոլը ռուսական պրոյեկտ է կամ որ թուրքը մեր բարեկամն է, իսկ մենք դա չենք գիտակցում»: