ԵՄ-ը պատրաստ է ավելացնել գազի գնումներն ԱՄՆ-ի...

Եվրամիությունը կարող է մեծացնել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գնումները՝ փորձելով թուլացնել լարվածությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Այս մասին The Financial Times-ի հարցազրույցում ասել է էներգետիկայի եւ բնակշինարարության հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը։Նա ընդգծել է, որ թեեւ ԵՄ-ը նպատակ ունի օգտագործել հիմնականում վերականգնվող էներգիայի աղբյուրները, դա «չի բացառում» ԱՄՆ-ից ՀԲԳ գնելու հնարավոր պարտավորությունները՝ ԱՄՆ նոր մաքսատուրքերի պատճառով: «Մենք մեծ ծավալներով գազ գնելու ներուժ ունենք ԱՄՆ-ից, բայց մենք պետք է այն գնենք այնպիսի պայմաններով, որոնք չեն խանգարի մեր անցմանը կանաչ տնտեսությանը»,- ասել է Յորգենսենը։ Նրա կարծիքով՝ էներգիայի վերականգնվող աղբյուրներն անհրաժեշտ են էներգիայի գների իջեցման եւ ռուսական հումքից վերջնականապես հրաժարվելու համար։Բացի այդ, Յորգենսենը վստահ է, որ ԵՄ-ը կկարողանա օգտվել Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականության պատճառով համաշխարհային շուկաներում տիրող քաոսից։ «Ընկերությունները կփնտրեն ապահով ապաստարաններ՝ կանխատեսելի պայմաններով, իսկ ԵՄ-ը հենց այդպիսի վայր է»,- նշել է նա։