
Եվրամիությունը երկուշաբթի օրը կհայտարարի լրացուցիչ 1,6 միլիարդ եվրոյի աջակցություն Պաղեստինին: Այս մասին Financial Times թերթին ասել է Միջերկրական ծովի եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան։
Նրա խոսքով, Եվրոպան մտադիր է հատկացնել 1,2 միլիարդ եվրոյի դրամաշնորհներ, ինչպես նաև 400 միլիոն եվրո վարկեր Եվրոպական ներդրումային բանկից և Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամից Պաղեստինի ազգային իշխանությանը: Շուիցան նշել է, որ 620 միլիոն եվրո կուղղվի պաղեստինյան իշխանությունների ֆինանսական աջակցությանը, իսկ մոտ 576 միլիոն եվրո՝ «Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի կենսունակությունն ու վերականգնումն ապահովելու համար»:
Եվրահանձնակատարը նշել է, որ Բրյուսելը լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի որոշակի պայմանների դեպքում. իշխանություններին անհրաժեշտ կլինի բարեփոխումներ իրականացնել՝ ուղղված ֆինանսական կայունության բարձրացմանը, փոքր բիզնեսի համար խոչընդոտները վերացնելուն և ենթակառուցվածքների զարգացման ապահովմանը:
«Մեր հիմնական նպատակը ժողովրդավարական և թափանցիկ կառավարումն է ինչպես Հորդանան գետի Արևմտյան ափում, այնպես էլ Գազայում»,- ասել է Շուիցան։