Էդմոն Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան խոր...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.

«Այսօր որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Բահրեյն խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, դիմել եմ Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին՝ հետևյալ հաղորդագրությամբ.

«Կարևոր եմ համարում Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայի մասին:

Ի հետևանք Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակ հնչող ռազմատենչ հռետորաբանությանը՝ ադրբեջանական զինվորների մի խումբ հուլիսի 12-ին փորձ է կատարել խախտել Հայաստանի սահմանը, սակայն հետ է մղվել: Դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սրել իրավիճակը՝ կիրառելով ծանր հրետանի, տանկեր, անօդաչու թռչող սարքեր և ռազմական այլ տեխնիկա: Ադրբեջանական զինված ուժերի այս անընդունելի գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն առաջացնում է լրացուցիչ լարվածություն և խաթարում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը:

Նմանօրինակ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տառի և ոգու խստագույն խախտում և ուղղակիորեն հակասում առողջապահական մեծամասշտաբ ճգնաժամը կանխելու նպատակով աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին:

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետերից յոթ անգամ կրակել են հայկական Չինարի գյուղի ուղղությամբ: Այնուհետև ադրբեջանական ուժերը նույն ուղղությամբ արձակել են ևս երեք արկ՝ 120մմ տրամաչափի ականանետից: Արկերից մեկն ընկել է տան վրա, մյուս երկուսը՝ տան այգում:

Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունները, ինչպես նաև ադրբեջանական ղեկավարության և իրենց դաշնակից երկրի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները:»։

Հուսով ենք, որ Բահրեյնի բարեկամական ժողովուրդն օբյեկտիվորեն կգնահատի իրավիճակն ու կարձագանքի մեր նամակին»։