
Դուք կգաք ու կգնաք, իսկ Արցախյան շարժումը կմնա ու կեռա արդարության բոցերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած բազմամարդ հանրահավաքը (տարբեր գնահատականներով՝ 10,000-15,000 մասնակից) ցույց տվեց, որ՝
- Մեր ողբերգական բռնի տեղահանումից հետո մենք վերջապես կարողացանք ինքնակազմակերպվել ու համախմբվել միասնական նպատակների շուրջ՝ չնայած բազմաթիվ խանգարող հանգամանքների ու անձանց առկայությանը.
- Մենք վճռական ենք մեր իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ ներքին ու կարճաժամկետ և թե՛ արտաքին ու երկարաժամկետ հարցերի լուծման առումով.
- ՀՀ իշխանությունների արցախատյաց ու շահառուներին բացառող մոտեցումները գնալով ավելի ու ավելի են կուտակում ու խորացնում հիմնախնդիրները՝ առանց մեզ հնարավորություն տալու արդյունավետ կերպով մասնակցելու մեզ վերաբերող որոշումների կայացմանը.
- Զուսպ ու կարգապահ արցախցու բաժակն այնքան է լցվել, որ այսօր շատերը տեղում պահանջում էին արագ ու կոշտ գործողություններ՝ մեր հրատապ հիմնախնդիրների լուծման համար:
Հ.Գ. Ինչ էլ անեք, քանի կան արցախցիները, այդքան ժամանակ էլ կմնան արցախցիների իրավունքները և դրանց պաշտպանության համար պայքարողները: Դուք կգաք ու կգնաք, իսկ Արցախյան շարժումը կմնա ու կեռա արդարության բոցերից..․»,-գրել է նա։