
Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք դադարեցնեք. Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը, Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես հակամարտության կողմ դեռևս 1992 թվականի մարտին։ Նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 2022 թվականին Պրագայում ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ՝ ընկրկելով Ադրբեջանի պահանջի առջև։ Եվ ի՞նչ ստացանք, Ադրբեջանը որևէ բան զիջե՞ց:
Խոսում եք՝ մենք զիջեցինք, իրենք զիջեցին, փոխզիջում եղավ, վերջին ադրբեջանական երկու կետերը իրենց արտադրանքի արդյունքում զիջեցինք։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Մենք փորձեցինք երեք ժամ շարունակ Արարատ Միրզոյանից գոնե մի զիջում Ադրբեջանի կողմից հիշատակի, ասի՝ այ այս հարցն էլ Ադրբեջանն է զիջել։
Այստեղ խորհրդարանում, դուք, որ պահանջում եք հրաժարվել Արցախից, չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով ասած ֆաշիստ, արտահանձնել Ադրբեջանին, հենց թեկուզ մեկը ինձ կոչելով ռևանշիստ, մեկ է, դրանից խաղաղությունը չի մոտենում: Նշեք գոնե մի կետ, որը Ադրբեջանը փոխզիջել է մեր բազմաթիվ զիջումներին ի պատասխան։»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես անում եմ արձանագրում որպես ՀՀ վարչապետ և եթե Հայաստանի ժողովուրդը անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի ՀՀ վարչապետ:
Ինչ վերաբերվում է խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստին. Ես, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում մանրամասն հանդես եմ եկել հիմնավորումներով, թե ինչու է ճիշտ կայացնել այդ որոշումը. Նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելը: ԱԽ-ում այս հարցի վերաբերյալ եղել է կոնսենսուս։
Հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Հայաստանի կառավարության նիստի մասնակիցների շրջանում, այնտեղ քվեարկության պրոցեդուրա չենք արել: Հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել ԱԺ ՔՊ խմբակցության անդամների կազմով քննարկմանը, որտեղ կառավարության ներկայացուցիչներ նույնպես հրավիրված են եղել։
Ես նույն հիմնավորումները կարող եմ ունենալ նաև ձեր խմբակցության հետ հանդիպման ընթացքում, եթե դուք այդ հիմնավորումները լսելու ցանկություն ունեք։ Այդ հիմնավորումների մի մասը, ըստ էության, հրապարակայինհնչած են, մյուս մասը չեմ կարծում, թե արժի հրապարակային հնչեցնել, բայց ես ձեր խմբակցության կազմով կարող եմ հնչեցնել ի ապացույց այն բանի, որ ես Հայաստան ներհայաստանյան գաղտնիք չունեմ։ Եթե դա գաղտնիք է, գաղտնիք է արտաքին լսարանի համար»:
Փաշինյանը կրկնեց, որ իր կարծիքով Ղարաբաղյան շարժում չպետք է շարունակել. «Դա անում եմ որպես ՀՀ վարչապետ, և եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի վարչապետ։ Քանի դեռ ես Հայաստանի վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է»:
Արթուր Խաչատրյանն էլ ասաց. «Դուք Ղարաբաղյան շարժումը դադարեցրեցիք Պրագայում հոկտեմբերին, բայց շարժումը շարունակվում է: Իհարկե դուք կարող եք շարժումը շարունակողներին էլ արտահանձնել և ձեր կուսակիցներից մեկը ասեց՝ շատ ուրախ կլինենք: Անկասկած դուք ավելի կգերադասեք, որ այստեղ արևմտյան ադրբեջանցիներն նստեն, քան թե մենք: Ամեն դեպքում հարցիս դուք էլ չպատասխանեցիք, ասեք գոնե մի զիջում, որ Ադրբեջանն արել է:
Դուք հերոսական զիջումներ եք անընդհատ անում, իսկ Ադրբեջանը, լավ, այդքան տղամարդկություն չունի, ձեր կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևը, մի հատ քաջ զիջում էլ ինքն աներ»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կարդալ ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերը. «Եվ կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումը այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինտուիցիա չէինք ունեցել, որ կարդանք և ինքնուրույն դա հասկանանք»: