Դրական եզրակացություններ՝ ԱԺ պատգամավորների հ...

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան 9-րդ հոդվածի 8-րդ ենթակետը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 3000-ապատիկի», իսկ 9.8.1 կետով՝ «Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30000-ապատիկի չափով»:

Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Անուշ Բեղլոյանը նշեց, որ  նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ «ՀՀ պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:

Բանախոսները հիմնականում կողմ արտահայտվեցին: Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ Կառավարության հետ քննարկման արդյունքում փաթեթի առաջին նախագիծը հանվել է շրջանառությունից:

Նշվեց, որ երկրորդ նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինքնավար էներգաարտադրողին իր արտադրած էներգիան սպառելու այլ վայրում, որտեղ  չկան պայմաններ էներգաարտադրությամբ զբաղվելու համար,  որի արդյունքում ինքնավար էներգաարտադրող հանդիսացող տնտեսվարողը կազատվի սակագնային կախվածությունից եւ հնարավորություն կունենա իր ծառայությունները մատուցելու ավելի հարմար պայմաններով:

Գործընկերների դիրքորոշումը բացասական չէր: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, ըստ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի, կբացառվի կառուցապատողների հայտերի օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով մերժումը, անբարենպաստ ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրումը, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված ժամկետների բացթողումը: Նշվեց նաեւ, որ  նախատեսվում է մատակարար կազմակերպությունների կողմից պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ համայնքի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել քաղաքաշինության ոլորտում տեսչական ստուգումներ իրականացնող մարմնին: Առաջարկվում է նաեւ Կառավարության կողմից թիվ 2-րդ եւ 3-րդ կատեգորիաների` միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների եւ միջինից բարձր ռիսկայնության օբյեկտների համար նախատեսել ելակետային տվյալներ, որոնք չեն առաջացնի մատակարար կազմակերպությունների կողմից լրացուցիչ աշխատանքների կատարում:

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ կան բազմաթիվ բողոքներ, կա նաեւ տեղեկատվություն, որ նախորդ տարեվերջին վարչական առումով խնդիրները զրոյացել են, սակայն հայտնի է, որ բովանդակային առումով դրանք կուտակվելու են այս տարի, եթե հարցը չլուծվի. «Իհարկե ցանկալի էր, որ թվային տիրույթում զետեղված լիներ ամբողջ ինֆորմացիան, որը կբխեր քաղաքաշինական ծրագրային փաստաթղթից, ինչի հիման վրա էլ տրվում է ճարտարապետահատակագծային թույլտվությունը: Եթե բոլոր համայնքներում դա լիներ, այսօր ձեռնարկատերերի կամ կառուցապատողների համար խնդիր չէր լինի»:

Պատգամավորի կարծիքով՝ թեեւ նախաձեռնությամբ  միջանկյալ լուծում է տրվում, բայց այս պահին կա դրա կարիքը: Հռիփսիմե Գրիգորյանը կարծում է, որ գաղափարական առումով եւս պետք է փոփոխություն մտցվի, եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չդիտարկվի որպես թույլտվություն. «Թույլտվությունն ինքնին դիտարկվում է որպես վարչական ակտ, իսկ այստեղ խոսքը գնում է տեղեկանքի մասին: Այսինքն սա տեղեկատվության տրամադրում է, որը չի կարող մերժվել: Կարող է լինել ցանկացած սահմանափակում, որը բխում է օրենսդրությունից: Սակայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը դիտարկել որպես թույլտվություն ի սկզբանե սխալ է: Անգամ կարելի է տերմինը փոխարինել»: Այս համատեքստում պատգամավորին հետաքրքրեց, թե ո՞ր դեպքում կարող է մերժվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի թույլտվությունը, եւ ինչքանո՞վ է տրամաբանական տեղեկանքի տրամադրումը մերժելը:

Նախաձեռնության համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ մերժման հիմքերը հստակ սահմանված են Կառավարության որոշմամբ: Նա նաեւ ընդգծեց, որ լինում են օրինակներ, երբ օբյեկտիվ պատճառներ չկան թույլտվություն տալու, հետեւաբար պետք է մերժվեն: Պատգամավորը նաեւ նշեց, որ տեղեկանքն էլ է համարվում վարչական ակտ, հետեւաբար ենթակա է մերժման:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ Կառավարության «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած  ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը հեղինակների առաջարկությամբ հանվեց շրջանառությունից: