
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղյան խնդրին, կոչ անելով համաշխարհային հանրությանը օգնություն ցուցաբերել ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հարցում։ Իր խոսքում Պուտինն անդրադարձել է Ղարաբաղի առնչությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը, շեշտելով որ այդ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: «Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենակարևորն է, հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը։
Այժմ, միջազգային հանրության եւ, անկասկած, ճգնաժամի լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների պաշտպանության եւ վերականգնման հարցում», - ասել է Պուտինը: Նրա խոսքով ՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ «Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», - նշել է Պուտինը։ Եթե փորձենք դիվանագիտական-քաղաքական լեզվի վերծանել, ապա բավական հետաքրքիր պատկեր կստանանք։ Նախ, նոյեմբերի 9-ից սկսած, ինչպես ժողովրդական հին ու իմաստուն խոսքն է ասում Պուտինը էլ «մեռելատուն ու հարսանքատուն չմնաց», որ չխոսի Ղարաբաղի առնչությամբ եռակողմ հայտնի հայտարարության մասին եւ կոչ չանի միջազգային հանրությանը օգնել ԼՂ-ի հումանիտար խնդիրների լուծմանը։
Սա նշանակում է, որ այդ եռակողմ հայտարարությունը վավերական են առնվազն իր՝ Պուտինի համար, ինչպես նաեւ՝ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի համար։ Իհարկե այն կարող է լինել վավերական նաեւ Իրանի համար, քանի որ Իրանը բավական լավ բիզնես հնարավորություններ է ստանում Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքների վերականգնման հետ կապված պրոյեկտներում մասնակցության եւ բուն ու կրքոտ սիրավեպ է սկսել Բաքվի հետ։ Մինչդեռ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, համաշխարհային հանրության մյուս առաջատար ներկայացուցիչների համար այն ընդամենը փաստաթուղթ է, որով կրակն է դադարել, հանգամանք, որը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օրերս հայտարարեց իր հոդվածում․ ասել է թե ԱՄՆ-ն սկսեց խոսել այս հարցով։ Բացի այդ, կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունն առանձնապես չի տոչորվում ներգրավվել․ ընդ որում, ոչ թե չի ուզում միջազգային հանրությունը օգնել Լեռնային Ղարաբաղում, այլ չի ուզում ջուր լցնել Պուտինի ջրաղացին, քանի որ ներգրավվածությունը ակամա նշանակում է Պուտինի սկսած խաղի լեգիտիմացում։
Չափազանց հետաքրքրական է, որ Ռուսաստանի նախագահը արդեն որերորդ անգամն է հայտարարում է իր սկսած խաղի եւ ԵԱՀԿ ՄԽ առաքելության միջեւ եղած կապի մասին, համարելով որ այն ինչ արել է իր «քավորությամբ» համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ կարգավորման հարցով ունեցած պայմանավորվածություններին եւ այլն։ Սա արդեն խոսում է այն մասին, որ Պուտինը փորձում է ամեն կերպ հարցն այնպես լուծել, որ հավելյալ խնդիր իր համար չդառնա Ղարաբաղը, քանի որ դեռ իր կոկորդին է կանգնած Ղրիմը, Դոնբասը, Նավալնու հարցը, հիմա էլ Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին ոչնչացնելու դիմաց ռուսների կողմից պարգեւավճարի հարցն է Սպիտակ տունն առաջ բերում։ Ի դեպ Սիրիայում երբ նա գրեթե համանման խաղ սկսեց, Արեւմուտքը կրկին չմասնակցեց ու հիմա Սիրիայում հարցերը կարգավորում է տնտեսական պլանում՝ ուժերի գերլարումով։