Դատարանը քաղաքագետին պարտավորեցրել է հրապարակ...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է 1 ամսվա ընթացքում հերքել 2018 թ. հուլիսի 30-ին «Ա1+»-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հնչեցրած արտահայտությունները։ Այս մասին նշված է  դատական տեղեկատվական համակարգում։

Վճիռը հրապարակել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը հունվարի 14-ին: Դատարանը նաև վճռել է Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել 4000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, և 300000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

«Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին»,- ասված է դատարանի վճռում։

«Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում»,-նշվում է դատարանի հրապարակած վճռում։