Նախորդ տարի Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը դիտորդություն իրականացրեց Արցախի ՏԻՄ ընտրություններում։ Կազմակերպությունը նշված առաքելության համար ֆինանսական աջակցություն էր ստացել Հայաստանի Հանրապետության կառավարությունից։
Այս տարի նույն կազմակերպությունը պատրաստվում է դիտորդություն իրականացնել Արցախի նախագահական ընտրություններում։ Այս պահին հայտնի է, որ Արցախի նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուներն են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԱԽՔ Արշավիր Ղարամյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիսի Մայիլյանը։ Իհարկե այլ թեկնածուներ ևս կան, բայց նրանք էական դերակատարում չեն ունենալու։
Դիտորդություն իրականացնող կազմակերպությունը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի և թեկնածուներից որևէ մեկի օգիտին չաշխատի։ Դանիել Իոաննիսյանի դեպքում պետք է արձանագրել, որ հակաքարոզչություն է իրականացնում ֆավորիտ համարվող չորս թեկնածուներից երեքի դեմ։ Իոաննիսյանը՝ խախտելով դիտորդի չեզոք լինելու պահանջը, տարբեր ժամանակներ հակաքարոզչություն է իրականացրել Վիտալի Բալասանյանի, Արայիկ Հարությունյանի և Արշավիր Ղարամյանի դեմ։ Ամենաթարմ օրինակը կապված է Արշավիր Ղարամյանի հետ։ Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ Ղարամյանը պատերազմի տարիներին գերի է եղել ադրբեջանցիների մոտ և նրան փոխանակել են 32 ադրբեջանցի գերիների հետ, որոնք գտնվել են մեր կողմում։
Կարճ ժամանակում Իոաննիսյանի այս հայտարարությունը տիրաժավորվեց իշխանական գրեթե բոլոր լրատվամիջոցներում և տասնյակ հազարավոր ընթերցումներ ունեցավ։ Ժամեր անց Իոաննիսյանը ստիպված եղավ ներողություն խնդրել և ընդունել, որ ապատեղեկատվություն է տարածել Ղարամյանի մասին։
Իոաննիսյանը, նշված երեք թեկնածուների դեմ հակաքարոզչություն իրականացնելով, իրականում ոչ հրապարակային աջակցում է Մասիս Մայիլյանին։ Շատերի համար իհարկե անհասկանալի է, թե ինչու՞ է Իոաննիսյանն իր վրա այդպիսի դերակատրում վերցրել, բայց գործընթացը իր հստակ պատճառներն ունի։
Մասիս Մայիլյանը երկար տարիներ ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից, իսկ Դանիել Իոաննիսյանը նշված հիմնադրամի ամենավառ շահառուներից մեկն է։ Իոաննիսյանն, ըստ էության, Հայաստանում Սորոսի գրասենյակի քաղաքականությունը առաջ տանող հիմնական դեմքերից մեկն է։ Եվ, ըստ էության, այս կերպ Սորոսի հիմնադրամի կարկառուն ներկայացուցիչ Իոաննիսյանը և նույն հիմնադրամից ֆինասավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը փորձում են իրենց հնարավորությունների սահմանում աջակցել Մասիս Մայիլյանին, ով Սորոսի հիմնադրամի թեկնածուն է համարվում։
Արցախի գործող իշխանությունները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և արգելեն Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպությանը դիտորդություն իրականացնել նախագահական ընտրություններում։ Իոաննիսյանն այս ընտրություններում, ըստ էության, կողմ է և լավագույն դեպքում կարող է ընտրական գործընթացին հետևել որպես Մասիս Մայիլյանի վստահաված անձ։