Շարունակվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների ակցիան։ Նշենք, որ այսօր ԱԺ-ում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու է «ԼՀԿ»-ն։ Ցուցարարների մոտ է Երեւանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց հետեւյալը․ «Պայմանավորված նաև այն իրավիճակով, ինչ տիրում է Հարությունյանի համակարգած ոլորտներում, ԼՀԿ համապատասխան նախաձեռնությամբ իրականացվելու է քվեարկություն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով»։ Նա հավելեց, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումից առ այսօր բոլոր ոլորտներում ձախողումների շքերթ է։
«Կրթության ոլորտում հեղափոխություն չկա ու մենք անհրաժեշտ ենք գտել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ու, եթե «Իմ քայլը» խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, այլ, իսկապես, գնահատում է ոլորտի ձախողումները, ապա, այդ դեպքում, պետք է համաձայնի ու հրաժարականը տեղի ունենա», - նկատեց Խաժակյանը։ Ավագանու անդամը նաեւ ասաց, որ եթե Արայիկ Հարությունյանի փոխարեն լիներ ոչ կուսակցական մեկը, ապա արդեն վաղուց մի քանի անգամ հրաժարական տված կլիներ։