
Ընդունեցինք ծխախոտի հետ կապված օրենքը, որ դրսում իրավունք չկա ծխելու, դրանով զբաղվում է ոստիկանությունը և Տեսչական մարմինը. մենք մեր քաղաքացիների առողջության մասին մտածում ենք, բայց եկեք, տեսեք, որ երրորդ տարին է՝ դրսի սրճարաններում ծխում են: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանին:
Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ պետք է անենք, այդքան ուժ չունե՞նք, որ դա զսպենք, թե՞ այդպես պետք է օրենքն ընդունենք, որ մնացածը մեզ վրա ծիծաղեն:
Ըստ պատգամավորի, մի քաղաքացին, որ տեսնում է, որ մեկ ուրիշ անձ ծխում է, վերջինս լավ չի վերաբերվում իշխանությանը: «Ասում է՝ բայց ինչի՞ պետք է ծխեն այստեղ: Ես չեմ ուզում Դուք ինձ պատասխան տաք, ուզում եմ դրանով զբաղվեք, կոնկրետ ուժ չունենք, ուրեմն եկեք օրենքը փոխենք, ուժ ունենք, եկեք լուծում տանք: Ինձ համար տհաճ է, որ ԱԺ պատգամավոր եմ, ինչ-որ տեղ նստած եմ, տեսնում եմ 2-3 հոգի ծխում են. ես ոստիկան չեմ, որ իրենց ասեմ՝ ինչո՞ւ եք ծխում»,- ընդգծեց Սուքիասյանը:
Արձագանքելով՝ Ղազարյանը նշեց. «Կարծում եմ՝ համայնքային ոստիկանությունը հնարավորինս իր ներուժի չափով փորձում է կանխարգելել վարչական իրավախախտումները, իսկ առկայության դեպքում կազմել համապատասխան տուգանքներ: Կփորձենք առավել մեծ ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Օրենքը փոխելու լիազորությունը խորհրդարանինն է»:
Սուքիասյանն էլ նկատեց. «Դուք պետք է հիմնավոր տեղեկանք տաք, որ չեք կարողանում այս ուժով դա իրականացնել»:
Պատգամավորը մեկ ուրիշ խնդիր ևս բարձրացրեց: «Չգիտեմ՝ օպերատիվ կենտրոն ունեք, թե ոչ. ցանկացած տեղեկություն պետք է գա օպերատիվ կենտրոն մշակվի, վերլուծվի: Շատ նեղ փողոց կա՝ 8 մետր է, ոստիկանության ազդանշանը երբ տրվում է, մարդիկ շատ վատ են զգում, նորմատիվները քննարկեք այդ կենտրոններում որ չլինի, ՇանզԷլիզեում կարող է չլսվի, որովհետև 80 մետր է: Շատ լավ է խստացված ռեժիմը, ընդունում ենք, գոհ ենք պարեկների աշխատանքից, բայց նրանց դուք էլ պետք է այդ գործիքները տաք, որ ավելի լավ սպասարկեն հասարակությանը»:
Ղազարյանը նշեց, որ ունեն օպերատիվ կառավարման կենտրոն, բոլոր ահազանգերը հավաքագրվում են այնտեղ: «Մնացածի մասով կվերլուծենք, որևէ արդյունքների մասով նաև կկիսվենք ձեզ հետ»,- ասաց ՆԳ փոխնախարարը: