
Չինաստանը վճռական հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար, եթե Միացյալ Նահանգները խստացնի իր մաքսատուրքերը։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության խոսնակին:
Այս մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սպառնացել է լրացուցիչ 50% մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների նկատմամբ, ինչին, ըստ խոսնակի, Չինաստանը կտրականապես դեմ է:
Նախարարության խոսնակը նշել է, որ «Չինաստանի դեմ ԱՄՆ-ի, այսպես կոչված, «փոխադարձ մաքսատուրքերը» անհիմն են և միակողմանի ահաբեկման գործելակերպ»։
Ըստ գերատեսչության՝ Չինաստանի ընդունած հակաքայլերը լիովին օրինական գործողություններ են՝ ուղղված երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանությանը, ինչպես նաև նորմալ միջազգային առևտրային կարգի պահպանմանը։
Խոսնակը նշել է, որ Չինաստանը երբեք չի ընդունի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքի միջոցով իրականացվող շանտաժը և դրա դեմ «կպայքարի մինչև վերջ»։
«Չինաստանը կրկնում է, որ առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինում, իսկ հովանավորչությունը ոչ մի տեղ չի տանում.... Չինաստանը Միացյալ Նահանգներին հորդորում է շտկել բոլոր սխալ արարքները, չեղարկել մաքսատուրքային բոլոր միակողմանի միջոցները Չինաստանի նկատմամբ, դադարեցնել իր տնտեսական և առևտրային ճնշումները և Չինաստանի հետ տարաձայնությունները լուծել ինչպես հարկն է՝ հավասարազոր երկխոսության միջոցով՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», - ասել է խոսնակը։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք է սահմանում 10%-ի չափով: Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական մաքսատուրքեր։ Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կազմում են 34%: