
Չինաստանն ապրիլի 10-ից լրացուցիչ՝ մինչև 84% մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան բոլոր ապրանքների ներկրման համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային հանձնաժողովը։ Այս միջոցը ձեռնարկվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, Չինաստանը դեմ է Սպիտակ տան ահաբեկման քաղաքականությանը և չի սկսի առևտրային խորհրդակցություններ Վաշինգտոնի հետ, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել երկխոսության համար անհրաժեշտ պայմանները։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրի և տարածաշրջանի ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին՝ նվազագույն դրույքաչափը սահմանելով 10%։ Առանձին պետությունների համար նա հաստատել է անհատական արգելքներ: Այդ երկրների թվում է Չինաստանը, որի նկատմամբ սահմանվել է 34% մաքսատուրքեր։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չինական ապրանքների համար մաքսատուրքեր կսահմանի 104%-ի չափով, քանի դեռ չինական իշխանությունները համաձայնություն չեն տվել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքին։
Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։
Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: