«Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը նոր ռիսկ...

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը մեկ ամսով երկարաձգել է «Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագրի գործողության ժամկետը, որը Ռուսաստանը գործարկել էր Հայաստանի եւ Բելառուսի հետ, եւ որը պարզեցված կերպով համավարակային պայմաններում Ռուսաստան մեկնելու պատուհան էր բացում շատերի համար։

Ավելին, Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, որոնց հետ սույն ծրագիրը դեռ գործարկված չէ (Ղազախստան եւ Ղրղզստան), կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարանցումով պարզեցված կարգով մեկնեն Ռուսաստան։ Նրանք ովքեր ծանոթ են այսպես ասած «հայկական համարանիշներով ավտոմեքենաների խնդրի հետ», կարող են արձանագրել, որ բավական ծանոթ իրավիճակ է, քանի որ կրկին Հայաստանը դառնում է միջանցիկ պատուհան ԵԱՏՄ համար, Բելառուսի հետ մեկտեղ։

Սա իր հետ բավական լուրջ ռիսկեր է բերում։ Նախ, եթե օրինակ Ղազախստանից կամ Ղրղզստանից Ռուսաստան մեկնողները որոշեն Հայաստանի եւ Բելառուսի տարանցումով մեկնեն, ապա Հայաստանի մասով կտրուկ կավելանա արագ թեստավորումների թիվը, ինչը իր հետ կբերի բավական մեծ հերթերի գոյացման, ու արդեն զուտ տեղական մենթալիտետին հատուկ կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկեր եւ ոչ ճշգրիտ թեստավորումներ, ինչը հետո պատմություն է դառնալու Հայաստանի համար եւ երկրորդ, եթե լուրջ հոսք նկատվի, ապա ամենայն հավանականությամբ ավիատոմսերի կտրուկ գնաճ կարձանագրվի, ու պետությունն այստեղ մեղմ ասած՝ չունի գործիքակազմ դա զսպելու համար․ ունենային՝ ծրագրի գործարկումից հետո արձանագրված գնաճը կզսպեին։

Ստացվում է, որ եթե Հայաստանը ինչ որ բան էլ շահելու է այս որոշումից, ապա ռիսկերը եւ խնդիրները եթե դնենք կշեռքի նժարներին, շատ ավելին են լինելու։ Հիշենք «հայկական համարանիշներով ավտոմեքենաների» պատմությունը, որը իսկական պատմություն դարձավ Հայաստանի գլխին, ու մինչեւ հիմա էլ դեռ վերջնական կարգավորված չէ։