Ցանկանալով խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, Փաշի...

 Բառացիորեն երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս ամսվա վերջին նախատեսված է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական տեսակապային կոնֆերանսը, իսկ հենց որ covid-19-ի համավարակով պայմանավորված միջազգային հաղորդակցության սահմանափակումները վերացվեն, կսկսվեն նաեւ առկա հանդիպումները։

Զախարովան, ըստ էության արձանագրեց, որ բանակցությունների ընթացքին չի խանգարում նույնիսկ կորոնավիրուսային հիվանդության համավարակն իր բոլոր նեգատիվ հետեւանքներով հանդերձ, եւ քաղաքական-դիվանագիտական պրոցեսը շարունակում է։ Ղարաբաղյան օրակարագով բավական հետաքրքրական էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունը։

Իհարկե բովանդակային մասով դրանք նոր բան չէին պարունակում, սակայն հատկապես հաշվի առնելով, որ կարծես թե հնչում են Արցախում նոր իշխանության ձեւավորումից հետո առաջին անգամ, եւ նկատի ունենալով նաեւ Արցախի նոր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության ժամանակ որոշ հակա-ալիեւյան ուժերի ներկայացուցիչների ներկայությունը, բավական ուշագրավ երանգ են ստանում։

Վարչապետ Փաշինյանի ասածը զուտ տեսական բան է, քանի որ դժվար թե Բաքուն կամ նույնիսկ համանախագահները կողմ լինեն, որպեսզի ասենք Հայաստանի վարչապետը ուղիղ խոսի Ադրբեջանի ժողովրդի հետ եւ բացատրի նրանց, որ Ղարաբաղյան հակամարտությունն ըստ էության անիմաստ հակամարտություն է ադրբեջանցիների համար եւ ընդամենը գործիք է իշխող վարչակարգի ձեռքին մանիպուլյացիաներով զբաղվելու, ռազմաշունչ հռետորաբանությամբ ադրբեջանցիների կյանքում եղած իրական խնդիրներից ուշադրություն շեղելու, կամ էլ ազգամիջյան թշնամանք սերմանելու եւ այլնի համար, եւ վերջին 15 տարում գոնե ռազմաշունչ հռետորաբանությունն ու թշնամանքը, միլիարդավոր դոլարների ռազմական ծախսերը ու հատկապես հայկական կողմին վախեցնելու փորձերը ոչ մի նշանակալի արդյունք չեն տվել պաշտոնական Բաքվին։ Սա պարզապես կնշանակեր հարվածել Ալիեւի ռեժիմի հիմքերին եւ շարքային ադրբեջանցուն առաջարկել ցավոտ հարցերի պատասխանները ստանալու համար ալտերնատիվ մեկնակետից սկսել մտածել։ Ինչ կլինի, եթե օրինակ նման բան լինի։

Իհարկե, առաջին հերթին, շարքային ադրբեջանցին, որը հիմա այնքան էլ գոհ չէ իր կյանքից, պայմանավորված եւ նավթի գնի վայրիվերումներով, եւ կորոնավիրուսային համավարակով եւ դրա բերած ճգնաժամով, եւ հազար ու մի այլ հարցով, կսկսի արդեն բարձրաձայն հարցեր ուղղել իր ղեկավարությանը, որոնք սկզբում կլինեն սոցիալական, գուցե՝ կենցաղային բնույթի, իսկ հետո սպոնտան կերպով կվերաճեն քաղաքականի եւ համակարգայինի եւ կարող են բերել լրջագույն փոփոխությունների այդ երկրում, ընդհուպ մինչեւ իշխանափոխության։

Ըստ էության, ցանկանալով խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ ուղիղ կերպով, Փաշինյանը ցանկանում է ամբաստանյալի աթոռին նստեցնել Ալիեւի վարչակարգին, իսկ դատավորն ինքնին Ադրբեջանի ժողովուրդն է լինելու։