Բունդեսթագը ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության պ...

Բունդեսթագը ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության պահպանման բանաձև է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

«Բանաձևով Բունդեսթագը դաշնային կառավարությունից պահանջում է. Resolution zur Unterstützung der Entwicklung einer langfristigen Friedenslösung in Bergkarabach
1. Հնարավոր դարձնել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ինչպիսիք են Կարմիր խաչը կամ Կարմիր կիսալուսինը, այն ուղեկցել դիվանագիտական մակարդակում և հոգ տանել այն բանի համար, որպեսզի շարունակվի տուժվածներին արագ և պատշաճ օգնության ցուցաբերումը:
2. Ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտող կողմերը պահպանեն զինադադարն ու մարդու իրավունքները, շտապ իրականացնեն ռազմագերիների և զոհվածների փոխանակումը:
3. ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ղեկավարությամբ՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի երկարատև ​​խաղաղություն ապահովող իրավական կարգավիճակի շուրջ, ինչը հնարավոր կդարձնի այնտեղ ապրող մարդկանց տևական խաղաղ և իրավահավասար գոյակցությունը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն․
4. Կոչ անել բոլոր արտաքին դերակատարներին, մասնավորապես Ռուսաստանին և Թուրքիային, աշխատել այդպիսի բանակցային քաղաքական լուծման և հրադադարի ռեժիմի պահպանման օգտին, ինչպես նաև օգտագործել ուղարկված/տեղակայված խաղաղապահ ուժերին կամ հրադադարի պահպանման դիտորդական կենտրոնի մասնակցությունը՝ միայն հրադադարի ռեժիմի ապահովման մանդատի շրջանակներում:
5. Պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն իրականացնել:
6. Աշխատել միջազգային գործընկերների հետ` ապահովելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից և հարակից տարածքներից բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց հայրենական տուն վերադառնալու իրավունքը և կյանքի անվտանգության երաշխիքը:
7. Խթանել հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը՝ կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության՝ հնարավորինս անխոչընդոտ շփումների աջակցման միջոցով:
8. Հայաստանի տրանսֆորմացիոն և բարեփոխումների գործընթացին շարունակել աջակցություն ցույց տալ:
9. Ստուգել, թե որքանով է ԵՄ-ն ի վիճակի ստեղծել վերակառուցման հիմնադրամ՝ ամբողջ հակամարտության գոտում ՝ 1991-1994թ․թ․ և 2020 թվականների պատերազմում ավերված քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար:Սա կտա նաև հնարավորություն ներքին տեղահանված անձանց վերադարձ Ադրբեջան, ինչպես նաև Մոսկովյան հայտարարության համաձայն՝ տնտեսական կապեր հաստատելու հնարավորություն և հակամարտության բոլոր կողմերի համար կբերի «խաղաղության դիվիդենտ»-ի հեռանկարներ: Քանի որ ԵՄ-ն գործընկերային համաձայնագրերի և Արևելյան գործընկերության միջոցով կապված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, կարող է հետևել ԵՄ հնարավոր ներգրավվածությունը լայն շրջանակներում` մարդասիրական օգնություն, վերակառուցում, կայունացում, մշակութային արժեքների պաշտպանություն, ԵԱՀԿ-ի ջանքերի լրացուցիչ համալրում, վստահության ամրապնդման միջոցառումներ, հաշտեցում, միջամտություն բնակչության շերտերի միջև:
10. Աջակցել կրոնական դավանանքի ազատությունը և դարավոր մշակութային ու կրոնական բազմազանությունը տարածաշրջանում պաշտպանելու և այն ապագա սերնդին փոխանցելու գործում:
11. Աշխատել ուղիղ երկխոսության միջոցով և միջազգային համատեքստում ապահովել՝ հաճախ ավելի քան հազար տարվա պատմություն ունեցող հայ-քրիստոնեական վանքերի ու եկեղեցիների պաշտպանությունը և երկու դավանանքների պատմական նշանակություն ունեցող կրոնական հուշարձանների անհրաժեշտ վերակառուցման պատշաճ աջակցություն»: