Բոլորը կարծես սպասում են ինչ որ պրոցեսների մե...

Ներքաղաքական «թեժ աշունը» կարծես թե մեկնարկում է։ Արդեն հոկտեմբերի սկզբին տեղի է ունենալու ընդդիմադիր եռյակի հանրահավաքը։ Սա կարելի է համարել ընդդիմաադիր «ծանր հրետանու» գործողությունների մեկնարկ։ Եթե փորձենք այժմ ընթացող բողոք-ակցիաներն էլ այս լույսի ներքո դիտարկել, ապա կարելի է ասել, որ բավական լավ նախապատրաստական աշխատանք է ընթանում հանրային տրամադրությունների՝ ցանկալի հունով ուղղորդելու, դժգոհությունները գեներացնելու մասով։ Ընդդիմադիր եռյակի հանրահավաքը ինչ խոսք, իշխանությանը անհանգստացնում է, որքան էլ նրանք փորձենք ինքնահանգստացնող հայտարարություններ անել։

Չմոռանանք, փողոցից եկած իշխանությունը լավ գիտի փողոցի հեղհեղուկությունը եւ կառավարելիությունը եւ վախենալու բան ունի։ Այս առումով, կրկին ակտիվացած խոսակցությունները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին «նեյտրալիզացնելու» մասին՝ կարելի է համարել որպես իշխանությունների ինքնապաշտպանական քայլերից մեկը։ Հանրահավաքը հետաքրքրական է, կարելի է ասել, բոլորի համար։ Իշխանությունների համար այն հետաքրքրական է, որպեսզի կարողանա գույքագրում կատարել, ու հասկանալ, թե երկու տարի անց իշխանափոխությունից իր «ուժեղ մանդատից» ինչ է մնացել վարկանիշի առումով։

Ընդդիմությանը սա հետաքրքիր է, հասկանալու համար, թե ի վերջո մարդկային ուժի տեսակետից, ինքը ինչ հույսեր կարող է ունենալ հանրային աջակցության հետ կապված։ Արտաքին խաղացողներին էլ հետաքրքիր է, որպեսզի հասկանան, թե ինչ հեռանկար ունի Փաշինյանը որպես երկրի ղեկավար, եւ երբ է գալու նրան փոխարինող գտնելու ժամանակը։ Հաշվի առնելով եռյակից առնվազն երկու ուժի ռուսամետ կեցվածքը, Մոսկվային հետաքրքիր է, հասկանալու համար, թե ռուսամետ քաղաքական թեւը Հայաստանում ինչի է ընդունակ։ Արեւմուտքին էլ հետաքրքիր է, հասկանալու համար, թե հանրահավաքը եւ դրան հաջորդելիք պրոցեսները ինչքանով կթուլացնեն Փաշինյանի դիրքերը եւ ինչ հնարավորություններ կտան օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիան կամ Ամուլսարի հարցը առաջ մղելու համար դեպի հաջորդ «լեւլ»։

Զարմանալի է, սակայն ինչ որ իմաստով, «կոնսենսուս մինուս մեկ» վիճակ է բոլորի մոտ եւ բոլորը կարծես սպասում են ինչ որ պրոցեսների մեկնարկին։ Անկախ պոպուլիզմից, Փաշինյանը նույնպես երեւի արտաքին ֆակտորի մասով փորձում է հասկանալ, թե ինչ «խաղադրույքներ» են կատարվել մեծ քաղաքականության խաղացողների կողմից Հայաստանի վրա: