
Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը լայն թափով շարունակվում է. 2019-2024 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են համայնքային հողամասերում 945 ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներ, իսկ սեփական հողամասերում՝ 3313 որոշումներ, որի արդյունքում համայնքային բյուջե է վճարվել մոտ 9 մլդ 100 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ մարտի 3-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին նկատվել է օրինականացման որոշումների քանակի նվազում, որի պատճառը Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հաստատումն է, որը խիստ պահանջներ է առաջադրել, անգամ անհնարին է դարձրել հանրային տարածքներում տարերայնորեն կառուցված շինությունների օրինականացման պրոցեսը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ խոսքը վերաբերում է բնակելի տներին, ապա դիմեց քաղաքացիներին:
«Բոլոր այն տները, որոնք չունեն դեռևս սեփականության վկայական կամ ինքնակամ են իրենց սեփական հողի վրա, բոլոր այդ դիմումները գրեթե անխոչընդոտ ստորագրում ենք»,- հայտարարեց Ավինյանը՝ նշելով, որ նմանատիպ հատվածներ կան Ավանում, Հաղթանակ թաղամասում և սեփական տների թաղամասերում առհասարակ:
Ավինյանը հանձնարարեց նաև ժամանակացույց ֆիքսել, բնակիչների հետ կապ հաստատել՝ լուծելու խնդիրները: