Բաքվում կա հիասափություն․ ռուս մասնագետը՝ հայ...

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը «Press-Unity.com»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին սահմանային լարվածության խնդրին։ Նա նկատել է, որ հետաքրքրական է հատկապես այն, որ սրացումը եղավ համեմատաբար երկարատեւ անդորրից հետո։

Սիլաեւը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո եւ Երեւանում, եւ Բաքվում, եւ Մոսկվայում եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված մյուս երկրների մայրաքաղաքներում որոշակի սպասումներ էին ձեւավորվել ինչ-որ փոփոխությունների հետ կապված։ Վերլուծաբանը նկատում է, որ ինչ որ քայլեր իրականում կատարվեցին հումանիտար ուղղությամբ՝ երկու կողմից էլ, որոնք թեեւ քաղաքական իմաստով նշանակալից չէին, սակայն այնուհանդերձ ցույց էին տալիս, որ կողմերը պատրաստ են երկխոսության եւ ինչ որ բան պայմանավորվելու։

Սրացումը արդեն ազդակ է, որ այդ սպասումները այլեւս ակտուալ չեն եւ չեն էլ իրականացել։ Վերլուծաբանը նշել է, որ ի սկզբանե էլ հասկանալի էր, որ Երեւանում իշխանափոխությունը չի կարող լուրջ տեղաշարժերի բերել Ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշման հետ կապված։ Խնդիրը թերեւս այն է, որ ի տարբերություն քաղաքական վերլուծաբանների, դիվանագետները այլ կերպ են մտածում եւ հենց տեսնում են նույնիսկ փոքրիկ հնարավորություն, ցանկանում են այնպես անել, որ այն օգտագործվի։

Մասնագետը նաեւ կարծում է, որ քիչ է հավանական, որ լինեն մասշտաբային բախումներ, ինչպես օրինակ 2016-ին էր, քանի որ թեկուզ եւ դիվանագիտական հարթակում, սակայն ՀԱՊԿ-ի արձագանքը բավական ազդեցիկ էր եւ հայ-ռուսական ռազմական դաշինքը կենսունակ է եւ ոչ ոք չէր ուզենա, որ հարցը խորապես սրություն ստանա։