Բաքվում չեն վստահու՞մ ռուս խաղաղապահներին

Ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը շրջագայություն է նախաձեռնել դեպի Ղարաբաղ, այն տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական հսկողության ներքո։ Նշված կայքում գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակվում են նրա ռեպորտաժները մեկ Ջաբրայիլից, մեկ Դադիվանքից, մեկ մյուս շրջաններից։ Այնպիսի տպավորություն է, որ Ֆաթուլլաեւը գնացել է հակամարտության գոտի գույքագրում կատարելու։

Ընթերցողին հիշեցնենք, որ Ֆաթուլլաեւը ժամանակին եղել է ընդդիմադիր լրագրող, հետո հայտնվել է բանտում, ապա դուրս է եկել բանտից, ստեղծել Haqqin.az-ն ու վերածվել Իլհամ Ալիեւի քարոզչական գործիքի։ Այս կայքի հետ կապված հայկական թեմատիկայով բավականին աղմկոտ պատմություններ կան։ Ժամանակին, երբ դեռ ակտուալ էին տարատեսակ հայ-ադրբեջանական հաշտեցման հարթակները, երբ որոշ գործիչներ անցնում էին Ադրբեջան «նախկինների» պատճառած «անլուր տառապանքները» տանել չկարողանալով, այս կայքը նրանց ընդունում էր, աշխատանք տրամադրում, մի խոսքով․ ամեն ինչ ժանրի կանոններին համապատասխան։ Քիչ են եղել նաեւ սադրիչ հրապարակումները Հայաստանի հետ կապված այս կայքում։ Ամենաթարմը Արսեն Խառատյանի՝ ադրբեջանական կողմի հետ, ենթադրյալ գործարքի մասին հրապարակումներն էին, որոնց մասին բանակցություններ էր վարել, ըստ կայքի հրապարակումների, որպես Փաշինյանի էմիսար։ Ի դեպ, այս կայքը հրապարակել էր, Բաքվի պաշտոնական հրապարակումից առաջ, որ իրականում ադրբեջանական կողմի զոհերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող են հասնել 9-12 հազարի։

Եվ ահա, այս նույն կայքի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը այժմ Ղարաբաղում է եւ ոսկերչի մանրակրկիտությամբ հետազոտում ու գույքագրում է ամեն ինչ, իսկ վերջին երկու օրերին՝ Դադիվանքն է նրա թեման։ Տպավորություն է, որ ինչ որ անվստահություն կա։ Դժավար է ասել, թե կոնկրետ ում հանդեպ եւ ինչպիսի, սակայն նման տպավորությունը զգացվում է նրա ամեն մի ռեպորտաժից։ Ու նաեւ կա անվստահություն ռուս խաղաղապահների հանդեպ։

Թերեւս ադրբեջանագետները ավելի մանրամասն ու մասնագիտորեն կբացատրեն, քանի որ ավելի մոտիկից են ծանոթ ադրբեջանական էլիտայի կլանային կյանքին, կլանների տիրապետած մեդիա ռեսուրսներին, այնտեղ ընթացող միջկլանային հակամարտություններին եւ այլն, սակայն առաջին հայացքից կարելի է ասել, որ ինչ որ բան ադրբեջանական հասարակության ներսում այժմ կատարվում է։ Ու դա հաղթանակած երկրի արհեստական իմիջի հետ այլեւս որեւէ կապ չունի, որը փորձում է ստեղծել Իլհամ Ալիեւը։