Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգո...

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական կայքում առկա հաղորդագրությունում:

«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Բաքվում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում J. W. Marriott Absheron հյուրանոցի դիմաց և Բաքվի այլ շինությունների մոտ: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ»,- նշված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն էր իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին:

Առկա են հաստատված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմի դեմ կռվում են նաև սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ, որոնք Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով և այդ երկրի տարածքով: