Բաքվի համար ընդունելի է մեկ տարբերակ` լուծում...

Ինչպես հայտնի է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայաստանյան պատվիրակությունը կգործուղվի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին:

Պատվիրակության կազմում են լինելու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը։

Երեկ՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը՝ Ղարաբաղյան կարգավորման օրակարգով։ Ավելի քան երեք ժամ տեւած հանդիպումն ավարտվեց նրանով, որ կողմերը պայմանավորվել են հաջորդ տարեսկզբին նորից հանդիպել, թեեւ քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին։

Պարզ ասած՝ «փիղը երկնեց» եւ հերթական անգամ «ծնեց մուկ», այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակնարկում էր հնդակողմ կոմյունիկեի ստորագրման մասին։ Մինչ այդ էլ, արդեն հասկանալի էր, որ այս հանդիպումը անպտուղ է լինելու, քանի որ Ադրբեջանը տարածել էր մի փաստաթուղթ, որը նաեւ հանրայնացրել էր նախօրեին, որը կարելի է որակել որպես Բաքվի վերջնագիր։

Այն ներկայացնում էր Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ, որը բացառում է Արցախի անկախությունը։ Այս ամենն ի մի բերելով, արձանագրել՝ Ղարաբաղյան հարցի մասով Նիկոլ Փաշինյանի կոնցեպտը, մեղմ ասած՝ ապրեց վերջնական կրախ։

Չափազանց «կիրթ» Իլհամ Ալիեւը հստակ ֆիքսել է այն «կարմիր գծերը», որոնք երբեք չի հատի Ղարաբաղի հարցի հետ կապված եւ կապ չունի, թե Մեհրիբան Ալիեւան դեռ որքան պետք է երազի մուղամ լսել Արցախում կամ թե այդ երազանքը երբեւէ կիրականանա թե ոչ։

Թերեւս Նիկոլ Փաշինյանն էլ հասկացավ, որ իր թեզը, թե կարգավորումը պետք է ձեռնտու լինի եւ Երեւանին եւ Ստեփանակերտին եւ Բաքվին, այս դեպքում արդեն հօդս ցնդեց, քանի որ Բաքուն պարզ ասում է՝ լուծումը պետք է ձեռնտու լինի Բաքվին, Ստեփանակերտը կապի Բաքվի ենթակայության տակ, իսկ Երեւանն էլ խելոք մեկ կողմ քաշված կապրի իր համար։ Ու հետաքրքիր է, այս հանգրվանից հետո ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, ինչպես է սրբագրելու կամ վերաձեւակերպելու իր մոտեցումը խնդրի առնչությամբ։